Հասարակություն - Եղեգնուտցիները պահանջում են գյուղապետի հրաժարականն ու սպառնում` կգանք Երևան

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները պահանջում են իրենց 32 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։

Բողոքի հերթական ակցիան նախանշված է երկուշաբթի օրը` հուլիսի 2-ին, մինչ այդ նրանք ժամանակ են տալիս, որ գյուղապետը հրաժարականի դիմում գրի։ Այս մասին Sputnik Արմենիային պատմել է Եղեգնուտի բնակիչ Աշոտ Խուրշուդյանը։

«Եղել է ՀՀՇ, հետո ՀՀԿ անդամ, հիմա էլ չգիտենք, թե որ կուսակցություն կմտնի, որ ինքն իրեն պաշտպանի կամ պատասխանատվությունից խուսափի։ 30 տարի ամբողջ գյուղը թալանել է։ Անտեսված են եղել այն մարդիկ, որոնք նրան չեն ընտրել։ Մտել են գյուղապետարան` տեղեկանք ուզելու, չի տվել, ասել է`գնացեք, ում ընտրել եք, թող նա էլ տա։ Օգնություններ է բաժանել այն ընտանիքներին, որոնք 2 հարկանի տներ, 2-3 ավտոմեքենա ունեն»,- ներկայացնելով գյուղացիների դժգոհության պատճառը` ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով` գործող գյուղապետին 3 տասնամյակ սատարել են գործող իշխանությունները, ճնշումներով, կեղծիքներով կազմակերպել են նրա վերընտրությունը։ Բայց 32 տարվա ընթացքում գյուղապետն իր համայնքի համար ոչինչ չի արել։

«Որդնած ջուր ենք խմում, որդերը մեջը լողում են։ Ջուրը տալիս են 1-2 ժամով առավոտյան ու երեկոյան, գյուղի մեծ մասին դա էլ չի հասնում։ Մեքենայով բերում են, գյուղում վաճառում, ժողովուրդը ջուր է գնում»,- ասել է Խուրշուդյանը։

Բացի այդ, նրա խոսքով, գյուղապետը զավթել է գյուղի բոլոր ազատ տարածքները, դրանք գրանցել իր ու իր եղբայրների անուններով։ «Երասխահուն, Արևիկ գնացող ճանապարհի եզրի բոլոր տարածքները սեփականացրել է։ Որ դիմել ենք իրեն, ասել է` վայ, սա չեմ կարող տալ, սա այս եղբորս տարածքն է, այն` մյուս եղբորս տարածքն է»,- պատմել է մեր զրուցակից եղեգնուտցին։

Ի պատասխան համագյուղացիների բողոքի` գյուղապետն իր կողմնակիցների հետ այսօր Եղեգնուտում մեկ այլ բողոքի ակցիա է անցկացրել` ի պաշտպանություն իրեն։ Գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն սատարողները գյուղում մեծամասնություն են։

«Այն հատվածը, որ պաշտպանում է գյուղապետին, ցույց է կազմակերպել, և ոչ թե 40-50, այլ 200-300 հոգանոց, այն էլ այս շոգին, այս աշխատանքի ծանր պայմաններում»,- ասել է գյուղապետը` հավելելով, որ իր դեմ պայքարողներն իրականում հանուն իր աթոռի են պայքարում, և այդ պայքարն արդեն մի քանի ընտրաշրջանի պատմություն ունի։

Ինչ վերաբերում է համագյուղացիների ներկայացրած դժգոհություններին, գյուղապետը դրանք չի ընդունել` ասելով, որ գյուղը լիարժեք կառուցվում և բարեկարգվում է, գազիֆիկացված է, ունի մաքուր խմելու ջուր։

«Ըստ պայմանագրի` ջրի մաքրության հսկողությունը Էջմիածնի մարզային սանէպիդկայանի վրա է դրված։ Իրենք անալիզները վերցնում են, բացարձակ մաքուր ջուր է, ՀՀ ստանդարտներին համապատասխան»,- ասել է Մարգարյանը։

Եղեգնուտի գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիները վստահեցնում են, որ ի տարբերություն այլ համայնքների, իրենք իրենց գյուղապետի դեմ բողոքել են նաև հեղափոխությունից տարիներ առաջ։ Եղեգնուտցի մեր զրուցակից Աշոտ Խուրշուդյանն ասում է, որ իրենք դեռ 2011թ-ին էին դիմել վարչապետին, նախագահին, հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, որտեղ այդ հիմքով նույնիսկ քրեական գործ էր հարուցվել։ Բայց իրենց համար անհայտ հիմքով գործը կարճվել էր, քննությունը դադարեցվել։

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ