Պաշտոնական - Փաշինյանի պատասխանը Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունները, որոնք նա հնչեցրեց ԱԺ–ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, կարելի է համարել պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտություններին։

 

Մուսուլման հոգևորականների առջև (Ռամադանի երեկոյան ընթրիք ժամանակ) ելույթ ունենալիս Ալիևը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին սկսել «իրական, ոչ թե իմիտացիոն բանակցային գործընթաց»:


«Հարցը կարող է լուծում գտնել, և Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք դա ուզում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք։ Հուսով ենք, որ այդ հարցը մոտ ժամանակում կարող է լուծում գտնել բանակցությունների միջոցով», – ավելացրել էր նա։

 

Իսկ ՀՀ վարչապետը կարծում է, որ բանակցությունների արդյունավետությունը կախված է դրանցում Արցախի անմիջական ներգրավվածությունից, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական հիմքեր չունի բանակցություններ վարելու Արցախի անունից։ Պատկերավոր ասած` Փաշինյանը մեսիջ է ուղարկում Բաքու. առարկայական բանակցություններ եք ուզում` կլինեն… Արցախի հետ։

 

Կարծես կանխագուշակելով Բաքվի հավանական արձագանքը, որը բավական ցավագին է ընդունում բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը` սպառնալով մարտական գործողություններով, Փաշինյանն ավելացրեց, որ Հայաստանը մոտակա տարիներին ակտիվորեն արդիականացնելու է իր զինված ուժերը` նոր սպառազինություն գնելով և խթանելով սեփական պաշտպանական արտադրանքը։



Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին մինչև 1998 թվականը։ Նույն տարում ՀՀ նախագահ դարձավ Արցախի նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը, փաստորեն, որոշեց բանակցություններին ներկայացնել միաժամանակ և՛ Հայաստանը, և՛ Արցախը։


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցերի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ են անցկացնում նաև Արցախի ղեկավարության հետ, սակայն համարել դա Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, մեծ հաշվով չի կարելի։ Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները այս 20 տարիների ընթացքում աչք փակել այս իրողությունների վրա։ Այն, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, բազմիցս խոսել է նաև Հայաստանի նախկին ղեկավարությունը։ Սակայն գործընթացը երբեք մեռյալ կետից առաջ չի շարժվել։


Երևանի նման պասիվության պատճառը, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել նախկին իշխանությունների մոտ ներքին լեգիտիմության զգացումի բացակայության մեջ։ Սկսած 1996 թվականից, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն ուղեկցվում էին զանգվածային կեղծիքներով, նենգափոխումամբ, իսկ հաջորդած բողոքի զանգվածային ակցիաները Հայաստանի իշխանություններին խոցելի էին դարձնում արտաքին ճնշման առաջ։ Հետևաբար, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը ամուր հող չէին զգում նման համարձակ արտաքին քաղաքական նախաձեռնություն առաջ քաշելու համար, ինչպիսին է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը։


 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ