Տարածաշրջան - Սիրիայի քրդերը Թուրքիային մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ

Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում՝ քրդաբնակ շրջաններում իրավիճակը բավական մտահոգիչ է: Վերջին 2 օրերին Մանբիջի ճակատագրի վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների համատեքստում կանխատեսելի է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող գործընթացներում մանրադրամի են վերածվում քուրդ ժողովրդի իրավունքները:

 

Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ սիրիական հակամարտության կարգավորման ցանկացած սցենարի պարագայում քրդերի լայն ինքնորոշման որևէ տարբերակ բացառվելու է, ինչին ձգտում էր Թուրքիան, և որին դեմ չեն և՛ Իրանը, և՛ սիրիական վարչակարգը: Ասել է թե՝ իրենց ներկայացրած հավակնություններից քրդերը փաստացի զրկվում են մերձավորարևելյան բոլոր երկրներում, որտեղ ունեն ներկայություն:

 

Իսկ թուրքական իշխանությունները քրդական գործոնի ճնշմանն ուղղված ծրագրված գործողություններ են իրականացնում ոչ միայն սեփական երկրի տարածքում, այլև՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին շրջանում, որի «գրավմանը» միտված «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողությունը մեկնարկել էր դեռևս ս.թ. հունվարի 20-ին: Իսկ այն իրավիճակը, որը ստեղծվել է Աֆրինում թուրքական ԶՈՒ-երի և նրանց հովանավորյալ սիրիական տարաբնույթ խմբավորումների կողմից վերահսկողություն սահմանելուց հետո, լավագույնս ներկայացված է Սիրիայի քրդերի 13 կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Ա. Գուտիերեշին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար արքայազն Զեիդ բին Ռաադ ալ-Հուսեյնին անցած ամսվա վերջին ուղղված նույնաբովանդակ նամակներում:

 

Վերոնշյալ գրություններում մասնավորապես նշվել է, որ քրդաբնակ Աֆրինի շրջանի բնակիչների հանդեպ թուրք զինծառայողների և նրանց հովանավորյալ տարաբնույթ զինյալների կողմից իրականացվող սպանությունները, հարձակումները, բռնի տեղահանումները, թալանը, էթնիկ զտումները, հարձակումներն իրենց բնութով համապատասխանում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, որոնք սահմանված են մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին 1948 թ. կոնվենցիայում, միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարարար փաստաթղթերում՝ Ժնևի 1949թ. 4 կոնվենցիաներում ու 1977թ. դրանց երկու լրացուցիչ արձանագրություններում, ինչպես նաև՝ 1998թ. Միջազգային քրեական դատարանի «Հռոմի ստատուտում» և մի շարք այլ միջազգային փաստաթղթերում:
Ուղերձներում քրդական կազմակերպությունները նաև հավաստիացրել են, որ իրենց տրամադրության տակ առկա են վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ հարյուրավոր փաստական ապացույցներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ