Սպորտ - Դեպի նոր չեմպիոնական գոտիներ․Արամ Ավագյան

WBC International Silver տիտղոսը նվաճած բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հետաքրքրությունը դեպի սպորտը առաջացել է այն ժամանակ, երբ փոքր տարիքում իր հասակակից տղաների նման սիրել է մարտական ֆիլմեր դիտել։

 

«Այդ ֆիլմերը դիտելով շատ էի տպավորվում։ Հայրս որոշեց ինձ տանել բռնցքամարտի, քանի որ ինքն էլ ժամանակին զբաղվել է դրանով։ Չեմ ասի, որ սերը դեպի բռնցքամարտը այդ տարիքում է եղել, ես սկսեցի սիրել և ապրել սպորտով այն ժամանակ, երբ առաջին անգամ զգացի հաղթանակի բերկրանքը, այդ օրվանից ես հիվանդացա սպորտով»։

 

Մարզիկը պատմեց, որ սկզբում մայրը դեմ է եղել, ավելին՝ ինքը հասցրել է նաև ձեռք բերել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում, սակայն տարիների ընթացքում տեսնելով որդու հաջողությունները սպորտում մայրը, այնուամենայնիվ, համակերպվել է նրա ընտրած ուղու հետ։

 

Հանդես գալով սիրողական բռնցքամարտում՝ Արամը բազմիցս հաղթանակներով է վերադարձել տարբեր մրցաշարերից և առաջնություններից։ Հայաստանի երիտասարդների, եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիր և օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը այս պահին հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում և կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ սպորտաձևում լավագույններից մեկը։

 

«Ցանկացած բռնցքամարտիկի համար դա մեծ հաջողություն է՝ սիրողականից տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը և, ի հարկե, շնորհակալություն եմ հայտնում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին և Punch Boxing promotion-ի հիմնադիր Արամ Դավթյանին՝ ինձ վստահելու և ուժերիս հավատալու համար»։

 

Արամ Ավագյանը մեկնաբանեց․

 

«Սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջև տարբերությունն այն է, որ սիրողականը ավելի խաղարկային է, և պետք է կարողանաս մի քանի ռաունդի ընթացքում ցույց տալ այն ամենը ինչին ընդունակ ես, իսկ պրոֆեսիոնալ ռինգում դու նման ես հմուտ երաժշտի, ով պետք է կարողանա հանգիստ նվագել, իսկ վերջում չոր ակորդով ավարտին հասցնել մենամարտը»։

 

WBC տիտղոսը նվաճած բռնցքամարտիկը հավելեց նաև․

 

«Պրոֆեսիոնալ ռինգում բարձրանալը շատ դժվար է, սակայն անցած երկար և դժվարին ճանապարհը ուժ է տալիս նոր թափով առաջ շարժվելու։ Ցանկացած մարզիկի համար երջանկություն և հպարտություն է, երբ վերջում բարձրացնում են իր ձեռքը․ այդ պահին մոռանում ես ամիսներ տևած բարդ մարզումներն ու դրանց ընթացքում ունեցած փոքրիկ հիասթափությունները»։

 

Մարզիկը համեստորեն նշեց, որ այս պահին 1500 մարզիկների շարքում 30-րդն է։ Ավագյանը հուսով է, որ շատ շուտով կլինի լավագույն տասնյակում։

 

Նա նաև սիրով խոսեց իր կնոջ և ապագա պլանների մասին․

 

«Կինս երբեք իմ մենամարտերը չի դիտում, նայում է միայն այն ժամանակ, երբ այն  արդեն ավարտված է լինում, սակայն շատ է սիրում սպորտը ինքնել է մարզվում, շատ հաճախ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, մարզվում ենք միասին։ Մենք սպորտային ընտանիք ենք»,- ժպիտով հավելեց բռնցքամարտիկը։

 

Իսկ ինչ վերաբերում է ապագա պլաններին, Արամը նշեց, որ դեռ հանգստանում է և փորձում շատ ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, որից հետո կվերսկսի մարզումները և կգնա նվաճելու հաջորդ չեմպիոնական գոտին։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ