Սպորտ - Ռինգում ես թելադրում եմ իմ բռնցքամարտը․Գոռ Երիցյան

Պրոֆեսիոնալ ռինգում իր դեռևս բոլոր մենամարտերը նոկաուտով ավարտած մարզիկ Գոռ Երիցյանը Tesaket.info-ի հետ հարցազրույցում պատմեց, որ իր մարզական կարիերան սկսել է կարատեից, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ դա իրենը չէ և սկսել է հաճախել բռնցքամարտի, որից հետո էլ սկսվել է մարզիկի հաղթական ուղին դեպի պրոֆեսիոնալ ռինգ։

 

«Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից՝ հորս խորհրդով: Քանի որ հայրս էլ զբաղվել է բռնցքամարտով՝ մարզիչ Մարտուն Մելիքյանի մոտ, ում մոտ էլ ես առաջին քայլերս եմ արել բռնցքամարտում: Մեծ եղբայրս էլ ժամանակին զբաղվել է սպորտով, բայց շարունակելու ցանկություն չի ունեցել։ Ի տարբերություն նրա՝ ես շարունակեցի և արդեն 12 տարեկանում դարձա դեռահասների Հայաստանի չեմպիոն: Սիրողական բռնցքամարտում ունեցել եմ արդյունքներ՝ երիտասարդների Եվրոպայի կրկնակի մեդալակիր, մեծասակների կազմում աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր և այլն»,-նշեց մարզիկը։

 

«Անգամ այդ հաջողություններից հետո միշտ ցանկություն ունեցել եմ ուժերս փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Որոշեցի Խորհրդակցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ, որից հետո ունեցա առաջարկ նրանց կողմից, և սիրողականից տեղափոխվեցի պրոֆեսիոնալ բռնցքամարտ»։

 

Գոռը նշում է, որ շատ դժվար է սիրողական բռնցքամարտիկին հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում, սակայն աշխատասիրությունը, կամքը և նպատակին հասնելու ցանկությունը օրերից մի օր անպայման տալիս են ցանկալի արդյունքները։

 

«Առաջին մենամարտիս ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս, շատ անհանգիստ էի՝ այդ լույսերը, հարյուրավոր մարդիկ, լրատվամիջոցները։ Բայց ռինգ մտնելուց հետո լարվածությունն անցավ և ես սկսեցի պարզապես հաճույք ստանալ այդ ամենից և մենամարտից»։

 

Մարզիկի խոսքով շատ ուժեղ բռնցքմարտիկներ կան, սակայն միայն ուժը բավարար չէ հաղթելու համար․ պետք է նաև խելացի մտածես, որպեսզի կարողանաս հասնել այն արդյունքին, որին ցանկանում ես։ 

 

«Ռինգում ես թելադրում եմ իմ բռնցքամարտը»,- հավելեց մարզիկը։

 

Նրա խոսքով պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ կարևոր է, որ մարզիկը կարողանա հավաքել անհրաժեշտ վարկանիշը և բարձրանա հորիզոնականներում։ Գոռը համեստորեն նշում է, որ իր նոկաուտով ավարտած բոլոր մենամարտերի շնորհիվ 180-նն է 2000 մարզիկների շարքում, ինչը բավականին լավ արդյունք է։

 

Խոսելով ապագա պլանների մասին՝ Գոռը նշեց, որ առաջիկա մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին, իսկ այս պահին դեռ հանգստանում է և փորձում լրացնել բաց թողածը, քանի որ բռնցքամարտը նրանից շատ ժամանակ է խլում։

 

Իսկ այն հարցին, թե արդյոք մեր բռնցքամարտիկի սիրտը զբաղված է, նա ժպիտով պատասխանեց, որ ունի ընտրայլ և, Աստծո կամոք, մոտ ապագայում կօրինականացն են իրենց հարաբերությունները։

 

Գոռը չի խոստանում բայց հուսով է, որ հաջորդ մենամարտում նույնպես կհաջողվի մրցակցին նոկաուտի ենթարկել։

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ