Պաշտոնական - Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցների շրջանավարտներին

Սիրելիներս,

Այսօր դպրոցական զանգը ձեզ համար վերջին անգամ է հնչելու: Սակայն չեմ ուզում ասել, թե դուք ձեր վերջին դասն եք անցկացնում, որովհետև դեռ շատ դասեր ունեք առնելու, և ինչու չէ, նաև ձեզնից են շատ դասեր վերցնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք:

 

Վստահ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համապատկերում համոզվեցիք, թե ինչպիսի կարող ուժ է երիտասարդությունը, ինչպիսի խելահեղ հասակ է պատանեկությունը և ինչի կարող եք հասնել դուք ինքներդ, եթե միասնական լինեք ու հավատաք ձեր ուժերին:

 

Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը:

 

Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան:

Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք ձեզ: 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ