Սպորտ - Զբաղեցնելով առաջին հորիզոնականները.Հարություն Նազարյան

Tesaket.info կայքը անդրադարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանի մարզչական գործունեությանը։ Մարզիչը հարցազրույցի ընթացքում վերհիշեց իր անցած երկար ճանապարհը և հիշողություններով կիսվեց մեզ հետ։

 

«Սկսենք, երևի, ամենասկզբից, երբ առաջին անգամ եկա լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանի մոտ, նրա մարզադպրոց և սկսեցի հաճախել բռնցքաարտի պարապմունքների։ Մեկ ամիս մարզվելուց հետո մասնակցեցի դպրոցի առաջնությանը, սակայն վատ վարքիս պատճառով դուրս մնացի պայքարից»,-ժպիտով պատմեց մարզիչը և հավելեց, որ մեկ անգամ էլ վարքի պատճառով Ենգիբարյանը նրան հեռացրել է դպրոցից։

 

«Առաջին կարևոր մրցաշարս 80 թվականին էր, զբաղեցրեցի 3-րդ հորիզոնականը։ Հենց այդ թվականին էլ զորակոչվեցի բանակ։ Բախտի բերմամբ հրամանատարը ինձ տրամադրեց զորամասի դահլիճը և թույլ տվեց մարզվել։ Սկսեցի համատեղել սպորտն ու ծառայությունը։ Ծառայության ընթացքում մասնակցում էի բազմաթիվ մրցաշարերի ոչ միայն բռնցքամարտի, այլ ծանրամարտի, ըմբշամարտի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները»։

 

Հարություն Նազարյանը ցավում է, որ հանգամանքների բերմամբ այդքանով ստիպված է եղել ավարտել իր մարզական կյանքը։ Չցանկանալով նշել հանգամանքները՝ Հարություն Նազարյանը լուրջ վնասվածքների պատճառով 88 թվականից հետո այլևս չի շարունակել հանդես գալ որպես մարզիկ։

 

«Այն, ինչը չի հասցնում անել մարզիկը, ցանկանում է փոխանցել իր սաներին, և չնայած նրան, որ ես իմ կարիերան ավարտեցի դեռ չսկսած, սերը դեպի բռնցքամարտը ինձ ստիպեց առաջ շարժվել: Որպես մարզիչ սկսեցի աշխատել և մեծահասակների, պատանիների և աղջիկների հավաքականներում։ Շատ չեմպիոններ տվեցի»,-համեստորեն նշեց վաստակավոր մարզիչը։

 

Հարություն Նազարյանը հուզվեց, երբ սկսեց խոսել նախկին մարզիկների մասին, նշելով՝ «Կարոտում եմ»:

 

«Ցավ եմ ապրում, քանի որ շատերը Հայաստանից դուրս են ապրում։ Չնայած նրանց հետ կապը միշտ կա և Հայաստանում եղած ժամանակ միշտ մարզվուն են ինձ մոտ։ Շատերը դրսում կարողացել են հասնել մեծ հաջողությունների։ Ես հպարտանում եմ իմ մարզիկներով։ Նրանք իմ երեխաներն են, իմ ընտանիքը։ Ամեն մեկի հետ երկար ու դժվարին ճանապարհ ենք անցել։ Ուրախանում եմ ցանկացածի՝ թեկուզ փոքրիկ հաջողությունով»

 

Նազարյանն այս պահին կրտսեր տարիքի հավաքականի 2-րդ և Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի մարզիչն է, ունի փոքրերի, մեծահասակների, պատանիների և աղջիկների խմբեր։

 

Նա նշեց, որ առանց իր երեխանների չի պատկերացրել և չի պատկերացնում իր կյանքը։ Ապագայում էլ իրեն տեսնում է միայն մարզադահլիճում։

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ