Մշակույթ - Հուշաքար նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 97-ամյակին

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 97-ամյակն է։

 

Կոմպոզիտորի ծննդյան օրը, տեղի ունեցավ պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը, որի ավարտից հետո մասնակիցները, ժյուրիի անդամները և մի խումբ արվեստագետներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին մեծանուն կոմպոզիտորի շիրիմին։

 

Որից հետո, Դիլիջանի Կոմպոզիտորների տանը, տեղի ունեցավ Էդվարդ Միրզոյանին նվիրված հուշաքարի բացումը։ Միջոցառմանը ներկա էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ընկերները, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ։

 

Բացմանը ներկա էր նաև կոմպոզիտորի այրին, ով հուզմունքի պաճառով չկարողացավ խոսել, միայն նշեց որ սա շատ կարևոր օր է իր ընտանիքի համար։

 

Կոմպոզիտորի որդու՝ ոսկրաբան Արշակ Միրզոյանի, խոսքով սա ևս մեկ առիթ է հիշելու և մեծարելու հորը, որպես մեծն կոմպոզիտորի։ Նա կիսվեց մեզ հետ, հոր հետ կապված հիշողություններով․

 

«Երբ փոքր էի, հորս հետ հաճախ էինք զբոսնում Դիլիջանում: Կարող էր, օրինակ, խնդրել ինձ, որ կռանամ ու մանուշակից հոտ քաշեմ: Երեխա էի, կարևորություն չէի տալիս այդ ամենին: Հիմա եմ զգում՝ ինչքան մեծ բան է նա ինձ փոխանցել՝ սեր բնության, գեղեցիկի հանդեպ, որ կարողանամ մի պահ կանգ առնել ու գնահատել այդ գեղեցիկը»,- հիշում է կոմպոզիտորի որդին՝ Արշակ Միրզոյանը:

 

«Այսօր տոն է, ու պետք է տոնենք: Չենք մտածում, որ նա մեզ հետ չէ․ շարունակում է մեզ հետ լինել թե իր երաժշտությամբ, թե սուր հումորով, թե իմաստությամբ ու բարությամբ: Երբ ողջ էր, ամեն տարի նրա ծննդյան օրը մաման ջղայնանում էր, թե՝ գոնե ասա՝ քսա՞ն հոգի է գալիս, թե՞ հիսուն, ասում էր՝ չգիտեմ ինչքան մարդ կգա, բաց դռների օր է․․․ Ինչքան հեռանում են այդ օրերը, հիշողություններն ավելի են քաղցրանում»,- ասաց կոմպոզիտորի որդին հավելելով, որ այս հուշաքարը, որը նաև ցայտաղբյուր է, կծառայի մարդկանց այնպես ինչպես Էդվարդ Միրզոյանը մինչև վերջին շունչը, իր արվեստով ծառայեց մարդկությանը։ Մեծանուն կոմպոզիտորի որդին նշեց, որ այս հուշաքարի մեծությունը, խորհրդանշում է հոր մեծությունն ու բնության հետ ներդաշնակությունը։

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ