Սպորտ - Ադրբեջանցուն հաղթելը ինձ համար պատվի հարց էր․ Ֆերդինանդ Կարապետյան

Ռուսաստանում բնակվող 8-ամյա Ֆերդինանդը մեծ ուշադրությամբ հետևելով իրենց հարևանությամբ բնակվող ռուս անվանի ձյուդոյիստ Թամերլան Տմենովի մրցաշարերին, ծնողներին հայտնեց, որ ցանկանում է մարզվել և չեմպիոն դառնալ։ Ծնողները որոշեցին կատարել տղայի ցանկությունը և փոքրիկ Ֆերդինանդը սկսեց առաջին քայլերն անել դեպի իր երազած չեմպիոնությունը։

 

Այսպես սկսվեց վերջին օրերին ամենաքննարկվող մարզիկի՝ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի հաղթական ուղին։

 

Մարզիկը ժպիտով է հիշում այն օրը, երբ առաջին անգամ եղբոր հետ ոտք դրեց մարզադահլիճ․

 

«Հիշում եմ այդ օրը․ ես ու մեծ եղբայրս միասին սկսեցինք հաճախել ձյուդոյի պարապմունքների, ասեմ, որ եղբայրս ավելի լավ արդյունքներ էր ցույց տալիս, սակայն բանակում ծառայելուց հետո որոշեց թողնել սպորտը։ Որոշ խնդիրների պատճառով հինգ տարի պարապելուց հետո, միայն սկսեցի մասնակցել մրցաշարերի և արդեն մեկը մյուսի ետևից գրանցել հաջողություններ»։

 

Ռուսաատանի հավաքականի կազմում բազմաթիվ հաղթանակներ տոնած Ֆերդինանդը միշտ ցանկացել է հանդես գալ իր հայրենիքի դրոշի ներքո.

 

«Ապրելով և մարզվելով դրսում՝ միշտ երազանք եմ ունեցել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում չնայած նրան, որ Ռուսաստանի հավաքականում էլ ինձ շատ լավ էի զգում, բայց երբ տեսնում էի, որ տարբեր մրցաշարերում հաղթելով, հայազգի մարզիկները գլխավերևում ծածանում են հայոց եռագույնը, անբացատրելի ոգևորություն ու հպարտություն էի ապրում և, անկեղծ ասած, բարի նախանձով էի լցվում, ցանկանում էի զգալ այն անբացատրելի զգացողությունը, ինչ նրանք»,-անկեղծանում է մարզիկը։ 

 

Ֆերդինանդը նշում է, որ որպես մարզիկ վստահ էր իր ուժերին և համոզված էր, որ կկարողանա հաղթանակներ գրանցել նաև Հայաստանի հավաքականում։ Ֆերդինանդի ցանկությունն իրականություն դարձավ, և 2015 թվականի վերջին նրան հրավիրեցին ձյուդոյի ազգային հավաքական։ Չնայած նրան, որ Ռուսաստանի հավաքականը չէր ցանկանում բաց թողնել իր լավագույն մարզիկներից մեկին, երկկողմանի բազմաթիվ բանակցություներից հետո Ֆերդինանդը տեղափոխվեց Հայաստանի հավաքական, որտեղ հանդես է գալիս մինչ օրս՝ գրանցելով նորանոր հաջողություններ։ 

 

Անդրադառնալով մի քանի շաբաթ առաջ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությանը՝ 26-ամյա մարզիկը նշեց․

 

«Գնացել էի հաղթելու համար, վստահ էի իմ ուժերին, քանի որ շատ լավ մարզավիճակում էի։ Հաղթելով լիտվացի, էստոնացի, ուկրաինացի ու շվեդ ձյուդոիստներին՝ դուրս եկա եզրափակիչ և երբ պարզ դարձավ, որ պետք է մենամարտեմ ադրբեջանցի մարզիկ Հիդայաթ Հեյդարովիի հետ, հաղթելու ցանկությունս կրկնապատվեց։ Չնայած նրան, որ ինձ համար սպորտը ազգություն չի ճանաչում, ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտելուց առաջ իմ մեջ սկսեց խոսել հայ մարզիկը և պարզապես հայ տղան։ Ադրբեջանցուն հաղթելը ինձ համար արդեն պատվի հարց էր»։

 

Չեմպիոնի հետ զրույցում անդրադարձանք նաև Հարնապետության հրապարակում կայացած հավաքի ժամանակ նրա կողմից արված գեղեցիկ քայլին, երբ նա իր չեմպիոնական մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին․

 

«Դա շատ պատահական ստացվեց, ոչինչ նախօրոք պլանավորված չէր, ես մի քանի րոպեի ընթացքում որոշեցի, որ պետք է մեդալս նվիրեմ նրան, քանի որ այն ինչ նա արեց չեմպիոն դառնալուն հավասար քայլ էր։ Սակայն, երբ նա ետ վերադարձրեց այն, նշելով որ մեդալը պետք է լինի իրական չեմպիոնի պարանոցին, ես զարմացա։ Ես կարծում եմ, որ դա ամենաքիչն էր, որ կարող էի անել նրա համար» 

 

Այն հարցին, թե ինչ կլիներ, եթե նա հանկարծ պարտվեր ադրբեջանցի մարզիկին, հնարավոր է արդյոք թողներ սպորտը, Ֆերդինանդը կատակեց՝ ասելով․ 

 

«Չնայած, այդ մասին չեմ մտածել, բայց կնախընտրեի ձեր ակումբի պատշգամբից ցած նետվել, քան պարտվել ադրբեջանցուն»։

 

Ֆերդինանդ Կարապետյանը չի մոռանում նաև իր մարզիչների կատարած մեծ աշխատանքի մասին՝ նշելով որ առանց նրանց աջակցության շատ դժվար կլիներ։ Այն հարցին, թե ցանկություն չունի արդյոք մշտական բնակություն հաստատել Հայաստանում և արդյոք մարզական կյանքից հետո կցանկանա զբաղվել մարզչական գործունեությամբ, չեմպիոնը պատասխանեց․

 

«Իհարկե, մեծ ցանկություն ունեմ այստեղ ապրելու, սակայն հիմա դեռ չունեմ այդ հնարավորությունը։ Հետագայում կա ցանկություն Հայաստանում զբաղվելու մարզչական գործունեությամբ և իմ փորձն ու գիտելիքները փոխանցելու երեխաներին, որպեսզի Հայաստանում էլ ավելի զարգանա ձյուդո մարզաձևը» 

 

Ֆերդինանդը ժպիտով պատասխանեց նաև իր անձնակնին վերաբերող հարցերին՝ նշելով, որ չունի ընտրյալ։ Իսկ այն հարցին, թե արդյոք պարտադիր պայման է համարում, որ իր ընտրյալը հայ լինի, նա առանց մեկ վայրկյան մտածելու պատասխանեց․

 

«Այո, անպայման, իմ կողքին պետք է լինի հայ աղջիկ։ Չնայած նրան, որ մենք վաղուց ապրում ենք Հայաստանից հեռու, իմ ընտանիքը պահում է բոլոր հայկական ավանդույթները»

 

Իսկ ինչ վերաբերում է ապագա պլաններին, չեմպիոնը համեստորեն լռեց՝ ակնարկելով միայն նոր մեդալների մասին։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ