Հասարակություն - Կիլիկիո անկումն ու Հաճընի սխրանքի 219 օրը

Արցախի ապրիլյան պատերազմում հայերի մեկ աչքը ռազմաճակատին էր, մյուսը աշխարհին էր հառած՝ թե ո՜վ ինչ է սպասում: Հո դաշնակից կոչվածները չեն նեղանում. չէ՞ որ հայը վստահելի ընկեր է: Զարմանալիորեն այդ ամենը նույնությամբ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, կրկնվում է, սակայն հայը կարծես դաս չի առնում՝ լոկ անիծելով ճակատագիրը շրջում է հերթական հիասթափության էջը, փաստելով հայ ազգի դյուրահավատությունն ու չարդարացված նվիրվածությունը իր ազգային շահերը վնասողին: Ստացվում է այնպես, որ ամենաշահեկան պահը ամրագրելու փոխարեն, դաշնակիցների հետ «խորատա» անելով, այն ձգձգում ենք, որպես հետևանք՝ ստանում ենք մի իրավիճակ, որտեղ պարտադրված քայլերով տանուլ տվածի դիրքում ենք խաբված:

 

Չինական ասացվածքն ասես մեզ համար է ասված. «Նա դեռ հավատում է, թեկուզ արդեն խաբվել է»:
Նույն էր նաև 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Կիլիկիայում: Դաշնակիցներին չնեղացնելու մոլուցքը օր օրի թուլացրին հայերի դիրքերը Կիլիկիայում, և նրանք պարտված, ահավոր մի ողբերգությամբ թողեցին Կիլիկիան, չնայած թվում էր՝ արդեն հաղթանակել էին՝ ցույց տալով աշխարհին հայրենասիրության և խիզախության բազմակի օրինակներ: Էլ չեմ ասում, որ Առաջին աշխարհամարտում հաղթող կողմի «փոքր դաշնակիցն» էին: Ցավոք, պատմական իրականությունը սա է՝ Առաջին աշխարհամարտի հզորները իրենց «փոքր դաշնակցին» զոհաբերեցին առաջին աշխարհամարտում պարտվողներից մեկին՝ Թուրքիային: Դա արվեց քստմնելի դիվանագիտությամբ, դավաճանի ցինիկությամբ՝ արհամարհելով հայ զինվորի թափած արյունը:
Կիլիկիայի ազատագրության ամենահերոսական էջերից մեկը Հաճընի ինքնապաշտպանությունն է:

 

«Հաճնի հերոսական ինքնապաշտպանությունը 1920 թվականին» գրքում Հակոբ Մանջյանը, օգտվելով Հ. Պողոսեանի «Հաճընի ընդհանուր պատմությունը և շրջակայ Գուլանդաղի հայ գյուղերը» աշխատությունից, հիշատակում է Հաճընից Ադանա ուղարկված հեռագրերից մեկը թվագրված 1920թ. մարտի 13-ին՝ «Պաշարուեցանք, կը մեռնինք, անմիջապէս օգնութեան համար պետք եղած տեղերը դիմէք»: Ուստի պաշարված Հաճընի օրերի հաշվարկը տրամաբանորեն կարելի է սկսել 1920 թվականի մարտի 13-ից, որն ավարտվեց Հաճընի համար մահասարսուռ ողբերգությամբ 1920 թվականի հոկտեմբերի 15-ին: 219 օր պաշարված հաճընցին միայնակ պատերազմից իրեն թվով շատ ու շատ գերազանցող թուրքական բանակի դեմ՝ դրսևորելով հայ ժողովրդի ոգու անկոտրում կամք ամբողջ զորությամբ: Դեռևս մի օր կգրվի «Հաճընի 219 օրը» գիրքը այնպես, ինչպես գրվել է «Մուսա լեռան 40 օրը»:
Հաճընի քաջասիրտ ինքնապաշտպանությունը իր հերոսականությամբ առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի, մասնավորապես Կիլիկիո պատմության մեջ և առանձնանում է ինքնապաշտպանական մյուս կռիվներից ոչ միայն ժամանակային առումով, որն ամենատևականն էր, այլև նպատակի, որն Կիլիկիայի ազատագրումն է:

 

Մ. Տամատյանին ֆրանսիական իշխանությունը մարտի 13 -ին գրում է. «Ամոթ է, որ քաջ հաճընը առանց կռվի լքե իր հայրենիքը: Ինչպես կուզեք որ արդարանա այս ժողովուրդը Կիլիկիո ազատագրական պահանջքին մեջ. պետք է անպայման հոն մնա և ճակատ ճակատի կռվի թշնամիին դեմ»:

 

Իրականում ֆրանսիացիների համար Մարաշի խայտառակ և մինչև օրս հանելուկային անկումից հետո նման դիրքորոշումը՝ քաղաքական խաղ էր՝ ժամանակ շահելու և աշխարհի առջև իրենց հանցանքը կոծկելու առիթ:

 

Հաճընի ինքնապաշտպանությունը, ինչպես ցույց տվեց պատմությունը, վճռում էր Կիլիկիայի ճակատագիրը: Հաճընի դյուցազնական ինքնապաշտպանության ժամանակագրությունը զուգահեռվում է Կիլիկիո կործանման վերջին շրջանի իրադարձությունների ընթացքին: Ավելի ստույգ՝ նրա կարևոր օղակն էր: Փաստորեն Հաճընի անկումը Կիլիկիո անկումն էր: Հայ Ազգային միությունը և քաղաքական կուսակցությունները, տեսնելով Կիլիկիո քաղաքական ձախողումը, հասկանում են՝ Հաճընի փրկությունը վերջին հույսն է իրադրությունը Կիլիկիո մեջ ի նպաստ հայերի փոխելու համար:

 

Շմավոն Թորոսյանը «Կիլիկիայի հայերի ազգային–ազատագրական շարժումները 1919-1920թթ.» գրքում նշում է Մինաս Վերածնի խոսքը. «Իրերու աննպաստ ելքը օգտակար վախճանի մը հասցնելու համար պարոն Միհրան Տամատյան և կուսակցությանց գլխավորները կը ջատագովեին Հաճընի արշավախումբը զորացնելու պետքը…»: Փաստորեն Հաճընի ինքնապաշտպանությունը ուներ երկու ճակատ: Առաջին ճակատը ներքինն էր, որը Հաճընի սահմանային դիրքերում զենքը ձեռքին կանգնած հաճընցու անձնուրաց պայքարի ճակատն էր: Երկրորդը՝ արտաքին, որը Հաճըն փութացող Կիլիկիո օգնության ոդիսականն էր: Օգնությունը այդպես էլ տեղ չհասավ, ինչին գիշեր ու զօր սպասում էին պաշարված հաճընցիները: Եթե ներքին ճակատը ոգեկոչման խոյանք էր, արտաքինը՝ պարտադրված քայլերով հուսահատեցնող ոգեանկում: Հաճընի գրավումը, ավելորդ է ասել, որ ավելի քան կարևորում էին նաև թուրքերը: Գոզան օղլու Տողան Բեյը մարտի 27-ին հաճընցիներին գրած նամակում հոխորտում է. «Բացէք մեր ճամբան, որ շարունակենք իրագործելու շերիաթի հրամանը, որ է՝ զոհել ամեն բան փրկելու յամար Անատոլիու նուիրական հողամասը՝ Կիլիկիան »: Այո՝, թուրքի ճամփան փակել էր անձնազոհ Հաճընը: Տողան Բեյը, հանդիպելով Հաճընի անձնուրաց կռվող ժողովրդի ոգեշեն պատնեշին, Մուստաֆա Քեմալին հեռագրում է «Մեր յարձակումները ապարդիոն անցան: Հաճըն զենքով գրավել անկարելի է: Պիտի սպասեմ, որ անօրութենէն ոյժասպառ անձնատուր ըլլան: Արդեն քանի մը ամսում բավելիք ուտելիք ունին:

 

Կիլիկոյ գրավման Միլլի բանակի
հրմ. Գոզան օղլու Տողան»:

Արտաքին ճակատը. այսինքն` Հաճընին օգնության հասնելու հարցը, թերևս հայերի պայքարն էր ֆրանսիացիների կողմից հայկական ուժերը կազմալուծելու դեմ: Ֆրանսիացիները դավաճանական ամենանենգ միջոցներով «փայլուն» կերպով ձախողեցին Հաճընին օգնության բոլոր փորձերը:

 

Հաճընի դեպքերը ամբողջովին բացահայտեցին Ֆրանսիայի ուխտադրուժ դեմքը Կիլիկիայում և նրա խայտառակ մերձեցումը Թուրքիային, որը իր երեկվա թշնամին էր, իր զինվորի վրա կրակողն ու սպանողը:

 

Ֆրանսիան, անցնելով թուրքերի կողմը, որն Առաջին աշխարհամարտում Պաղեստինյան ռազմաճակատում գերմանացիների հետ ուս ուսի տված արյունախում պայքար էր մղում անգլո-ֆրանսիական ուժերի դեմ, բոլորովին մոռացավ, որ հայերը իր դաշնակիցն էին այդ պատերազմում և Հաճընցի շատ քաջեր հայկական լեգեոնի կազմում ֆրանսիական համազգեստով, ֆրանսիական դրոշի ներքո իրենց կյանքն էին վտանգում: Ֆրանսիան, ցավոք, շատ շուտ մոռացավ, թե ովքեր էին Պաղեստինյան ռազմաճակատի կազմալուծմանը նպաստող Արարայի ճակատամարտի հերոսները, և ովքե՛ր էին, որ առաջինը ճեղքեցին ռազմաճակատի գիծը:

 

Հայկական լեգոնը, որ պետք է դառնար ինքնավար հայկական Կիլիկիայի բանակի կորիզը, ֆրանսիան կամաց-կամաց տարբեր պատրվակներով սկսեց զորացնել: Հայկական լեգեոնը, որ հայերի անվտանգության երաշխավոր պետք է դառնար Կիլիկիայում մեկուսացվեց: Ֆրանսիան արգելեց անգամ պաշարված Հաճընին հայկական լեգեոնի մի ջոկատ ուղարկել: Այս առիթով գնդապետ Բրեմոնը «գթասրտորեն» գրում է. «Բնակչությունը և հայ ղեկավարները բազմիցս պահանջել էին այնտեղ ուղարկել հայկական լեգեոնի մի ջոկատ: Հրամանատարությունը չէր կարողանում ընթացք տալ այս պահանջներին, որովհետև հնարավոր չէր ֆրանսիական համազգեստ կրող ջոկատը այնպիսի տեղ նետել, որտեղ ի վիճակի չէինք նրան պաշտպանելու՝ երկրամասի հեռավորության և խիստ լեռնային բնույթի պատճառով (3000մ ավելի)»:

 

Ֆրանսիան, հայկական լեգեոնին չթույլատրելով Հաճըն մեկնել, ամեն ինչ արեց, որպեսզի նոր ձևավորված կամավորական ջոկատներն էլ չմեկնեն: Նրանք անամոթաբար լուծարեցին 1920թ. օգոստոսի 4-ին հռչակված Կիլիկիայի անկախությունը:
Ներքին ճակատում հաճընցին մեծ ու փոքրով, կին ու տղամարդով աներևակայելի զրկանքների ու սխրանքների գնով 219 օր պաշարված կենաց ու մահու կռիվ մղեց մեծաքանակ թշնամու դեմ: Իհարկե, կարելի է պատմել 10-12 տարեկան երեխաների հերոսության, տղամարդկանց կողքին ամուր կանգնած ու կռվող կանանց, ծերերի, Տողան բեյի շտաբի գրառման, վերջին օրվա պաշարման ճեղքման և շատ ու շատ քաջագործությունների մասին: Բայց դիտավորյալ այս փոքրիկ հոդվածում ոչ մի մասնավոր քաջագործություն և հաճընցու անուն չի գրվել, քանի որ պաշարված հաճընի ցանկացած հայ հերոս էր, և նրանց ընդհանրական սխրանքը մեկ անուն ունի՝ «Հաճընի հերոսական ինքնապաշտպանություն», որը ազգային արժանապատվություն է, հայրենիքի առջև մահապարտի խոնարհում:

 

Կիլիկիայի ազատամարտում հաճընցին արեց առավելագույնը, ինչ կարող էր, երբեմն անգամ տրամաբանության մեջ չտեղավորվող: Հաճընը աներեր կանգնեց, դիմադրեց, խիզախեց ու, ցավոք, արիաբար նահատակվեց քաղաքական բանսարկությունների հետևանքով: Մոտ 7500 հաճընցի զոհվեց, և շուրջ 400 պաշարված հաճընցի կարողացավ ճեղքել պաշարումը և ազատվել: Դժբախտաբար, հերթական անգամ հայկական քաղաքական միտքը տկար դուրս եկավ, ոչ արժան հայ զինվորի առնական դաստակների ուժին:

 

Կիլիկիո պետականության կորուստից 600 տարի անց հայերը բաց թողեցին այն վերականգնելու ամենամեծ հնարավորությունը ու մնացին, ինչպես գրված է Արարայի ճակատամարտում զոհված հայ լեգեոնականների մահարձանին, «Անավարտ երազի կարոտով»:


Հակոբ Հարություն և «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյան

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ