Միջազգային - Ռուսական մամուլը` Երեւանում այսօր տեղի ունեցած եւ ընթացող իրադարձությունների մասին

Երեւանում այսօր տեղի ունեցած Սարգսյան-Փաշինյան չստացված հանդիպման, ապա նաեւ ցուցարարների հանդեպ ոստիկանական հատուկ ստորաբաժանումների կողմից իրականացված գործողություններին, Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին ձերբակալման, ինչպես նաեւ ներկա լարված իրավիճակին շարունակում է հետեւել եւ արձագանքել ռուսական մամուլը: Ինչպես եւ կարելի է ենթադրել, այստեղ հիմնական ուշադրություն են դարձվում պաշտոնական հայտարարություններին, արված հիմնական իրավապահ եւ ուժային կառույցների կողմից, իրավիճակը ներկայացնելով որպես զանգվածային անկարգություններ եւ ոչ թե որպես ժողովրդական խաղաղ քաղաքացիական անհնազանդություն: Այսպես, INTERFAX լրատվական գործակալությունը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալման մասին իրազեկվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ներկայումս իրավապահները նախապատրաստում են նյութեր նշված պատգամավորների դեմ մեղադրանք առաջադրելու համար: Պարբերականի հրապարակումներում կա նաեւ հպանցիկ անդրադարձ Սարգսյան-Փաշինյան հանդիպման, եւ ոստիկանական հատուկ ստորաբաժանումների կողմից ձայնաարցունքաբեր նռնակների կիրառությամբ ոստիկանական գործողությունների մասին: Այս հրապարակմանը լրիվ հար եւ նման է newsru-ի անդրադարձը:
Газета.Ru-ն օնլայն ռեպորտաժի ռեժիմով անդրադառնում է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին, պարբերաբար ներկայացնելով յուրաքանչյուր նոր զարգացումը: ТАСС լրատվական գործակալությունը, որը սեփական թղթակցով է ներկայացված Հայաստանում, գրում է, որ ոստիկանությունը սկսել է ուժի կիրառմամբ ցրել բողոքի ցույցերը Երեւանում; Այս պարբերականը նաեւ համառոտ տեղեկանք է պատրաստել Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների մասին` «Ինչ է հայտնի Հայաստանի բողոքի ակցիաներից» խորագրով: Օնլայն ռեպորտաժի ռեժիմով է ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները նաեւ RIA Novosti լրատվական գործակալությունը, հիմնականում չոր հաղորդագրությունների ձեւով ներկայացնելով զարգացումները ըստ ժամերի:
tvrain-ը, rosbalt-ը եւ rbc-ն, նույն թեմատիկայով արված իրենց լրատվական թողարկումներում ավելի շատ շեշտադրել են բողոքի ցույցերի խաղաղ բնույթը, քաղաքացիական անհնազանդություն լինելու փաստը, կարեւորել մարդկանց ունեցած դժգոհությունները իշխանություններից, ապա միայն անդրադարձել ոստիկանական գործողություններին, դրանք որակելով որպես խիստ գործողություններ: rbc-ն մասնավորապես անդրադարձել է նաեւ այն փաստին, որ այս պահին Երեւանում կա մոտ երկու հարյուր բերման ենթարկված:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ