Միջազգային - Բրեժնևը ղալլաթ է արել․ Ալիևին կփոխարինի անփոխարինելին

Ադրբեջանի կառավարող կուսակցությունը քիչ առաջ հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններում իր թեկնածուի` գործող նախագահ Իլհամ Ալիևի համոզիչ հաղթանակի մասին:

 

Մի քանի exit polls-ի տվյալներով` Ալիևը ստացել է քվեների ավելի քան 82%-ը: Ուշագրավ է, որ նրա մոտակա մրցակիցը` վերահսկելի ընդդիմության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևը ստացել է քվեների ընդամենը 3%-ը:

Ադրբեջանի նախագահական ընտրություններն ընդամենը ֆորմալ առումով էին մրցակցային, որովհետև մյուս յոթ թեկնածուներն իշխանությանը լոյալ գործիչներ էին և մրցապայքարի մեջ էին ընդամենը դրանց դեմոկրատական, մրցակցային ֆոնը բեմականացնելու համար:

Ադրբեջանում ընդդիմությունն ոչնչացված է, և Ալիևի շռնդալից հաղթանակն իրականում կարևոր է ներիշխանական, ներհամակարգային հարաբերությունների համատեքստում: Իլհամ Ալիևը հնարավորություն ստացավ իշխանության ներսում իրականացնել էական «ֆիլտրումներ», ինչի մասին այս օրերին ակտիվորեն գրում է ադրբեջանական մամուլը: Մյուս կողմից` կանխատեսելի է, որ Ալիևը ուժեղացնելու է իշխանության ավտորիտար բնույթը. Ադրբեջանը արդեն աշնանը պետք է սկսի արտաքին պարտքի սպասարկումը, ինչը լարվածություն է ստեղծելու բյուջեում, որովհետև միջազգային և տեղական փորձագիտական գնահատականներով` տնտեսության լճացումը հաղթահարված չէ, իսկ կոռուպցիայի մակարդակը չափազանց բարձր է: Ադրբեջանի կառավարությունը մտադիր է խստացնել հարկային քաղաքականությունը, ինչը բերելու է սոցիալական հուզումների:

Դժվար է ասել` ինչ կտա Ալիևի վերընտրությունը ԼՂ կարգավորման գործընթացին: Մի կողմից` ԼՂ հարցում ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունն ամենաարդյունավետ միջոցներն են, որոնց շնորհիվ Իլհամ Ալիևը կոնսոլիդացնում է համակարգը և հասարակության ուշադրությունը շեղում է ներքին խնդիրներից, մյուս կողմից` Ալիևը, մեծ հաշվով, հարկադրված է գնալ ԼՂ խնդրի փոխզիջումային լուծմանը` սեփական քաղաքական օրակարգից ելնելով: Բանն այն է, որ Իլհամը մտադիր է հեռանկարում իշխանությունը փոխանցել որդուն և, բնականաբար, անելու է ամեն բան նրան հակամարտության բեռից ազատելու համար:

Սակայն ասվածը վերաբերում է ապագային, իսկ առայժմ Բաքուն, ըստ ամենայնի, շարունակելու է վերջին օրերի քաղաքականությունը` էսկալացնելով իրավիճակն առաջնագծում, ինչի միջոցով փորձում է ճնշում բանեցնել միջնորդների, առաջին հերթին` Ռուսաստանի վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ