Տարածաշրջան - Ի՞նչ է ուզում Ադրբեջանը նախիջևանյան ուղղությունից

Ապրիլի 7-8-ին Ադրբեջանի զինուժը խախտեց հրադադարը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում, կրակեց հրազենով, հետո հերքեց իր կրակոցներն, ու ամեն ինչ վերադարձավ իր տեղերը։ Նախիջևանի ուղղությամբ սրումները միշտ չէ, որ լինում են, և այստեղ «հրադադար» բառն իր իսկական իմաստն է ստանում՝ չկրակելու պայմանավորվածություն, որ, ասում են, դեռ Արցախյան պատերազմի ընթացքում է ձեռք բերվել։

Բայց ինչո՞ւ է հակառակորդը վերջին շրջանում պարբերաբար հիշեցնում այստեղի իր ներկայությունը, այստեղ տեղափոխում ծանր զինատեսակներ, անում զորավարժություններ։

Անաղմուկ պարտությունը

2014 թվականի ամռանը հայկական զինուժի ստորաբաժանումները մեկ գիշերվա մեջ բարձրանում են Նախիջևանի բարձունքներն ու իրենց տիրապետության տակ վերցնում կարևոր հենակետեր, որոնք մինչ այդ չէին վերահսկվում։ Տարածքը, ինչպես այն ժամանակ նշվում էր, այսպես թե այնպես Հայաստանի պետական սահմանների մեջ էր մտնում, սակայն բարդ պայմանների պատճառով չէր հսկվում։

Սակայն գործողությունից հետո Ադրբեջանի զինուժի սահմանամերձ ենթակառուցվածքները հայտնվում են հայկական նշանոցի տակ։ Բարձրադիր հենակետերից հայկական հսկողության դաշտում է հայտնվում ադրբեջանական բանակիմոտակա թիկունքը։ Լուրջ սրում, ու հայկական զինուժը կարող է կրակի տակ պահել ադրբեջանական դիրքերի ու հրամանատարական կետերի կենսական ուղիները։

Այն ժամանակ ադրբեջանական կողմի համար հայկական բանակի գործողություններն այնքան անակնկալ էին, որ ադրբեջանցիները մնացել էին շվարած։ Հայկական խրամատներից երևում էր ադրբեջանցիների խրամատների հատակը (տե՛ս լուսանկարներում), սակայն հակառակորդը ոչինչ այլևս չէր կարող ձեռնարկել։ Ուշ էր։

Զինված կույտեր 2016-ի ապրիլին

Հայկական կողմի համար Ադրբեջանից տագնապալից տեղեկություններ եղան 2016 թվականի ապրիլին։ Ռազմական գործողությունները նոր էին ավարտվել, բայց որ դրանք ավարտվել էին, դեռ հնարավոր չէր ասել հաստատապես։ Հայկական մամուլում տեղեկություններ սպրդեցին, որ խորհրդարանում փակ հանդիպման մասին պաշտպանության նախարարը (այն ժամանակ՝ Սեյրան Օհանյանը) հայտնել է, որ Նախիջևանում ադրբեջանական բանակի որոշ կուտակումներ կան։

Եթե մինչ այդ միջին վիճակագրական հայաստանցու համար պատերազմը միայն Արցախում էր, ապա հիմա վտանգված էր համարվում նաև մայրաքաղաքը։ Նախիջևանից Երևան հեռավորությունը հաղթահարելի է ադրբեջանական հրթիռային զինտեխնիկայի համար։ Մյուս կողմից՝ Նախիջևանի սահմանի երկայնքով է անցնում Հյուսիս-հարավ մայրուղին, որը կենսական նշանակություն ունի Իրանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի համար։

Այդ օրերին էր, որ Նախիջևանի հարող հայկական բնակավայրերից մեկի մոտ կալանվեց ու գցվեց հետախուզական անօդաչու թռչող սարք, որի պատկանելիությունն այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ։

Սպառազինության կուտակումներ

Նախիջևանի բանակը առանձին է Ադրբեջանի զինված ուժերից ու որոշակի անկախություն ունի իր գործողություններում։ Ընդ որում՝ դա պայմանավորված է նաև քաղաքական գործոններով։ Սակայն Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի խոշոր զորավարժություններին սկսում են ներգրավել նաև այստեղի զորքերը։Այստեղ են տեղափոխվում «Սմերչ», «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային սպառազինություն, և առաջին անգամ այստեղ է տեղակայվում նաև մարտական ավիացիա՝ Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։

Այս զինտեխնիկայի մի մասը ներկայացվում է 2017 թվականի ամռանը Նախիջևանում անցկացված զորահանդեսի ժամանակ։ Իսկ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հայտարարում է, որ ամբողջ սպառազինությունը Նախիջևանի առանձին համազորային բանակինն է (ոչ թե ժամանակավոր է տեղակայվել այնտեղ – խմբ)։

Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխությա՞ն

Հայկական փորձագիտական շրջանակներում հաճախ նշվում է, որ եթե ադրբեջանցիները հանկարծ շփոթվեն ու խոշոր սադրանք հրահրեն այս ուղղության վրա, դա միայն նվեր կլինի հայկական բանակի համար ու առիթ կլինի …

Բայց Արցախի շփման գծի համեմատությամբ Նախիջևանի ուղղությամբ սադրանքները խոշոր չեն։ Այստեղ երբեմն լինում են հրազենային կրակոցներ, որոնք երկու օրից ավել չեն տևում։ Հենց այս ապրիլի 7-8-ին եղած հրադադարի խախտումներից հետո՝ ապրիլի 9-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ «ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ