Միջազգային - Աթեշյանը լավ «գլուխ է արդուկում». պոլսահայ մտավորական

Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ու համայնքի ներսում նրա դեմ եղած բացասական տրամադրություններին:

«Ակօս»-ի իր սյունակում Դեյիրմենջյանը նկատել է, որ Աթեշյանն իր պաշտոնավարման 10 տարվա ընթացքում բավականին շատ խորամանկությունների է դիմել՝ համագործակցելով Թուրքիայում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, թեև այսօր փորձում է իր կողքին երևացնել բացառապես իշխանահաճո դեմքերի, ավելին՝ Աթեշյանի շրջապատը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին պարբերաբար մեղադրում է «սխալ շրջապատ» ձևավորելու, այն է՝ ընդդիմադիր ուժերի հետ համագործակելու համար, և իբր հենց դրա արդյունքում պետությունն այդպես էլ չընդունեց Բեկչյանին:

«Ասվում է, թե Բեկչյանը համագործակցել է սխալ անձանց հետ: Ասված չէ, թե ովքեր են այդ անձինք և որն էր նրանց գործած սխալը: Ինչպես նաև ասվում է, որ նրա կողմից պատրիարքական ընտրությունների համար ստեղծված Նախաձեռնող խմբի որոշ անդամներ քրդամետ կուսակցության անդամ են եղել: Նշված չէ, սակայն, թե ովքեր: Թուրքիայի խորհրդարանի երրորդ կուսակցության անդամ լինելն ի՞նչ սխալմունք կարող է պարունակել իր մեջ»,- գրում է պոլսահայ մտավորականը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պարզ է, որ Թուրքիայում այս օրերին քրդամետ ժողովրդադեմոկրատների հետ կապ ունենալն այնքան էլ ցանկալի չէ:

«Բայց չէ՞ որ ոչ այնքան վաղ անցյալում Աթեշյանը սերտ կապերի մեջ էր այդ նույն կուսակցության ներկա ու նախկին մի շարք անդամների՝ Օսման Բայդեմիրի, Աբդուլլահ Դեմիրթաշի ու Ֆըրաթ Անլըի հետ և նույնսիկ վերջինիս առաջարկով ընդունել էր «Դիարբեքիրի մշակութային դեսպան» դառնալու առաջարկը»,- հիշեցնում է Դեյիրմենջյանը:

Նա իր հոդվածն ավարտել է կատակով, որը պատմում է երկու պոլսահայի՝ Աթեշյանի մասին խոսակցության ու համայնքում նրա անձի շուրջ ձևավորված վերաբերմունքի մասին:

Ըստ զավեշտալի պատմության՝ երկու ստամբուլահայ հանդիպում են քաղաքի փողոցներից մեկում, և երբ մեկը մյուսին հարցնում է, թե որտեղ կարող է լավ արդուկ անող գտնել, քանի որ վերջինիս կինն արձակուրդի օրերին այլ երկիր է մեկնել, մյուս պոլսահայը ցույց է տալիս պատրիարքարանի հասցեն. «Չտեսա՞ր, արդեն բոլորը գիտեն, որ սրանք լավ գլուխ են արդուկում»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ