Միջազգային - Ստամբուլի փողոցներում Աթեշյանի դեմ թռուցիկներ են փակցվել. գործին միջամտել է ոստիկանությունը

Թուրքիայի իշխանությունների միջամտության հետևանքով Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ:

«Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:

 

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել անգամ հարակից փողոցների տեսախցիկների ձայնագրությունները: Բացի այդ, որոշ հատվածներում ոստիկանությունն արդեն հեռացրել է այդ թռուցիկները:

 

Հայ փաստաբան Սեբու Ասլանգիլը դեպքի առնչությամբ հայտնել է, որ փողոցներում թռուցիկներ փակցնելը հանցանք չի համարվում: «Քանի դեռ այդ թռուցիկների բովանդակությունը որևէ հանցանք չի պարունակում, որևէ իրավական գործընթաց չի կարող սկսվել դրանց առնչությամբ: Միայն եթե լինի բողոքող կողմ, կյանքի համար վտանգի կամ սպառնալիքի հիմնավորմամբ ոստիկանությունը կարող է ուսումնասիրություն սկսել»,- հայտնել է նա:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ