Տարածաշրջան - Ֆրանսիայում ծանր վիրավորել են ադրբեջանցի վտարանդի լրագրողին

Ադրբեջանցի վտարանդի լրագրող Ռահիմ Նամազովը և նրա կինը, որոնք բնակվում են Ֆրանսիայում, զինված հարձակման զոհ են դարձել:

 

DW.com-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 30-ի առավոտյան Թուլուզի մոտակայքում գտնվող Կոլոմիե քաղաքում: Նամազովը ծանր հրազենային վնասվածք է ստացել մեջքից և ծանր վիճակում է գտնվում: Նրա կինը՝ Աիդան, սպանվել է մոտ տարածությունից գլխին արձակված կրակոցով:

 

Ֆրանսիական ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ Նամազովն ու նրա կինը մեքենայով երթևեկելիս են եղել բնակելի թաղամասերից մեկում, երբ նրանց ուղղությամբ 7 կրակոց է արձակվել: Կոլոմիեի քաղաքապետ Քարին Տրավալ Միշելեն հայտնել է, որ հնարավոր չէ չմտածել, որ «քաղաքական հաշիվների մաքրում» է տեղի ունեցել, քանի որ Նամազովը «լրագրող է, որին հայրենիքում կտտանքների են ենթարկել և բանտ են նստեցրել», որից հետո նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում:

 

Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ տվյալ հանցագործությունը որևէ կերպ կապված չէ անցյալ շաբաթ տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետ:

 

Ռահիմ Նամազովն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վճռական քննադատներից է: 2017-ի դեկտեմբերին YouTube-ում հրապարակած տեսահոլովակում վերջինս հայտարարել էր, որ իրեն բանտարկել են ադրբեջանական բանակում զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին գրելու համար: Ֆրանսիայում քաղաքական ապաստան վերջինս ստացել է 2010-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ