Մշակույթ - Թուրքիայի իշխանությունները վիրավորել են փառատոնի լսարանին՝ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը արգելելով․ Սելինա Դողան

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հարցմանը, թե ինչու  Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնին չի թույլատրվել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին Tert.am-ին հայտնեց պատգամավորը:

 

«Մենք այդքան շուտ մեր հարցումներին պատասխան չենք ստանում: Երբեմն, ընդհանրապես չենք ստանում»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով՝ ցանկացած արգելք, խտրականություն և ռասիզմ անընդունելի է արվեստում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելել էին հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ըստ կինոմատոգրաֆիստների միության՝ որպես պատճառաբանություն բերվել էր մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները՝ կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:

 

Սելինա Դողանը այդ առնչությամբ մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:

 

Tert.am-ի հետ զրույցում ՝ հայազգի պատգամավորը նշեց, որ Թուրքիան նորից այս անգամ օգտագործում է ներկայիս հանգամանքերը՝ երկրի արտակարգ դրության մեջ մնալը:

 

«Ես հավատում եմ, որ իշխանությունները չեն էլ տեսել ֆիլմը: Փառատոնի կազմակերպիչներից տեղեկացել ենք, որ նրանք պրոպագանդա են տեսել ֆիլմում: Բայց ֆիլմն իր բնույթով պետք է ազատ լինի: Չափահաս մարդիկ պետք է ազատ լինեն:  Բացի այդ, դեմոկրատական երկրներում տեղական իշխանությունները չպետք է որոշումներ կայացնեն արվեստի վերաբերյալ՝ երրորդ երկրի դիմումի համաձայն: Ամեն ինչ կարելի է քննարկել: Չպետք է ընտրվի արգելքի ճանապարհը»,- ասաց նա:

 

Սելինա Դողանի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունների արգելքը վիրավորանք է փառատոնի լսարանի համար: «Դա վիրավորանք է՝ ուղղված  փառատոնի մասնակից «ինտելեկտուալ» մարդկանց: Փառատոնն ի վերջո յուրահատուկ էր համարվում»,- ասաց նա:

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ