Հասարակություն - Թուրքացած հայեր. նրանց թվում է նաև Թուրքիայի երկրորդ նախագահը

Անցած ամիս թուրքական կառավարության կողմից ստեղծել էր մի կայք, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող էին որոնել իրենց արմատները՝ հասնելով մինչև 1850-ականների կեսերը։ Տպագիր ու սոցիալական մեդիայում հրապարակվել են հարյուրավոր պատմություններ, որոնք շոկ են առաջացրել Թուրքիայում ու նրա սահմաններից  դուրս։ Կան նաև մի քանի պատմություններ թուրքերի մասին, ովքեր հայտնաբերել են, որ ունեն ալբանական, արաբական, Պոնտոսի հույների, և հայկական արմատներ։ Նրանք անգամ նյութեր ունեն, որտեղ գրում են, որ «ծայրահեղ ազգայնական ու ռասիստական կուսակցությունների որոշ անդամներ դուրս են վտարվել կամ կորցրել են իրենց կոչումները, սթրեսի են ենթարկվել ու, նույնիսկ, ինքնասպանություն գործել, երբ  իմացել են իրենց հայկական արմատների մասին»։

 

Արդյոք այս պատմությունները ճի՞շտ են, թե՞ չափազանցված, այնուամենայնիվ, ծագման խնդիրը կրիտիկական, որոշ դեպքերում նույնիսկ մահացու է Թուրքիայում։ Այս մասին Բոստոնում հրապարակվող Armenian Weekly հանդեսում հրապարակված սյունակում գրում է Րաֆֆի Պետրոսյանը, փոխանցում է Akunq.net-ը։

Ըստ հեղինակի՝ վերջին դեպքը կապված է Հրանտ Դինքի հետ,  ով անընդհատ հալածվում էր, հետապնդվում` «թրքությունը վիրավորելու համար» և ի վերջո սպանվեց այն բանից հետո, երբ բացահայտեց, որ Քեմալ Աթաթուրքի որդեգիր դուստր և Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենն իրականում Հայոց Ցեղասպանության պատճառով որբացած հայ մի աղջիկ է եղել։ Մեկ այլ դեպքում Թուրքիայի նախորդ նախագահը խորհրդարանում ընդդիմադիր կուսակցության անդամին դատի էր տվել այն բանի համար, որ վերջինս պնդել էր, թե «նա սերում է Կայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբ.) հայկական մի ընտանիքից»։

Դեռ ավելին, մի երկրում, որտեղ հայկական ապրանք վաճառելն անգամ ամենամեծ մեղքն է համարվում, կան բազմաթիվ փաստագրված ու փաստեր չունեցող պատմություններ հայկական ծագում ունեցող հայտնի թուրքերի մասին, այդ թվում՝ Թուրքիայի նախորդ նախագահի, նախկին նախագահներից մեկի կնոջ և մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Փաստագրված պատմություններից մեկում նշվում է, որ ընդդիմության ծայրահեղ ազգայնական նախկին առաջնորդի ընտանիքն իրականում Սևծովյան շրջանի իսլամացած հայ ընտանիքներից է եղել, և այդ  ընտանիքի հայ ժառանգները հիմա ապրում են Կանադայում։

Երբ ծագումնաբանական այս կայքը պաշտոնապես հանրայնացվեց, Րաֆֆի Պետրոսյանին անմիջապես հետաքրքրեց, թե ինչպես է ծպտյալ հայերի (հայերն ու նրանց ժառանգները, ում բռնի կրոնափոխ են արել Հայոց ցեղասպանության ընթացքում) ծագումը նշված այնտեղ։ Այդ արագ հետազոտությունը ցույց տվեց, որ նրանցից և ոչ մեկը նշված չէր որպես հայ։ Նրանց ընտանեկան պատմությունն սկսվում էր արդեն իսլամացած ու իսլամական անուն կրող նախնիների անունից։ Չնայած նրան, որ կան ապացույցներ առ այն, որ կառավարությունը մանրամասն արձանագրություններ է պահում թուրքերի ու քրդերի մեջ իսլամացած հայերի վերաբերյալ, այդ արձանագրությունները չեն հանրայնացվել կամ առկա չեն այս նոր կայքում։ Հետաքրքրական է, որ ապացուցված է այն, որ բազմաթիվ հայեր են սպանվել, կորել կամ տեղահանվել Ցեղասպանության ընթացքում, սակայն նրանք այդ կայքում դեռևս նշվում են ողջերի շարքում։ Բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր գիտեն հիմնականում մինչ 1850-ական թթ․ ծնված  իրենց տատիկ-պապիկների ողբերգական ճակատագրի մասին, այս կայքում հայտնաբերում են, որ այդ մարդիկ, համաձայն կայքում առկա կեղծ տվյալների, դեռ հրաշքով կենդանի են։

Ծագման հետ կապված հեղինակն իր սյունակում ներկայացնում է երկու հետաքրքիր և քիչ հայտնի պատմություններ։

1880-ական թթ․  Մալաթիայի գյուղերից մեկում մի հարուստ հայ ընտանիք էր ապրում։ Շրջանն անընդհատ ահաբեկության ու ոտնձգությունների էր ենթարկվում քուրդ ցեղախմբերի կողմից․ նրանք անընդմեջ հարձակվում էին շրջանի գյուղերի վրա։ Այդ ժամանակ հայերն սկսում են կազմել պաշտպանական ուժեր ու համախմբել ֆիդայիներին, որպեսզի պաշտպանեն հայկական գյուղերը։ Հայ ֆիդայի առաջնորդներից մեկը մի անգամ դիմում է այդ հարուստ ընտանիքի նահապետին և գումար խնդրում զենք ու ձիեր գնելու համար։ Այդ հարուստ հայը պատասխանում է, որ երկու օրվա ընթացքում կորոշի` տա՞լ այդ գումարը, թե՞ ոչ։ Երկու օր անց հայ ֆիդային վերադառնում է, և հարուստ հայը մերժում է նրան գումար տալ։ Ֆիդային առանց վարանելու կրակում ու սպանում է նրան։ Նրա այրին նորածին որդու հետ փախչում է Իզմիր (Զմյուռնիա-Ակունքի խմբ.), որտեղ նա իսլամ է ընդունում և մեծացնում իր որդուն՝ հայերի նկատմամբ ծայրահեղ ատելություն սերմանելով։ Այդ տղան Իսմեթ Ինոնյուն (1884-1973) է՝ Թուրքիայի երկրորդ նախագահը՝ Քեմալ Աթաթուրքից հետո․ նա, ըստ երևույթին, եղել է հայերի ու Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների թշնամիներից մեկը՝ Իթթիհադական առաջնորդներից հետո։

Ինոնյուն է օրակարգ բերում 1942թ. «Ունեցվածքի հարկի» (Varlik Vergisi) մասին օրենքը։ Ակնհայտ էր, որ սույն օրենքը հրապարակվում էր` օգնելու Թուրքիային հաղթահարել պատերազմական տարիներին տնտեսական դժվարությունները և նպատակ ուներ կործանել ազգային փոքրամասնություններին։ Հարկերը գանձվում էին ըստ էթնիկ ծագման․ հարկի քանակը, ընդհանուր ունեցվածքի հետ համեմատ, հայերի համար կազմում էր 232 տոկոս, 184 տոկոս՝ հրեաների, 159 տոկոս հույների համար, իսկ թուրքերի համար` միայն 4,9 տոկոս։ Վճարելու համար նրանց տրվում էր 15 օր, և նա, ով չէր կարողանում վճարել,  ձերբակալվում էր և ուղարկվում երկրի արևելյան շրջաններ՝ աշխատելու քարհանքերում ու կառուցելու ճանապարհներ կամ թունելներ։ Սա փաստորեն նշանակում էր փոքրամասնություններից հարստության փողանցում թուրքերին։

Բազմաթիվ հայեր իրենց ակտիվները չափազանց էժան գներով վաճառելուց հետո սնանկանում էին, սակայն, միևնույնն է, չէին կարողանում հավաքել պահանջված գումարը և ուղարկվում աշխատավորական ճամբարներ ու մահանում այնտեղ։ 1964 թ․՝ Կիպրոսի ճգնաժամի ժամանակ, Ինոնյուն կրկին ճնշում է հույներին։ մոտ  45․000 հույնի է տեղահանել տալիս․ նրանք միաժամանակ Թուրքիայի ու Հունաստանի քաղաքացիներ էին։ Նրանց տրվել էր 10 օր, որ թողնեն իրենց ակտիվները, ունեցվածքը և լքեն երկիրը։ Նրանց թույլատրված էր իրենց հետ վերցնել միայն 20 դոլար ու 20 կգ իր։ Ինոնյուի հայկական ծագման մասին պատմությունը հաստատում է նաև հայտնի պատմաբան պրոֆեսոր Փարս Թուղլաջըն (Բարսեղ Թուղլաճյանը) (1933-2016), ով Ինոնյուի ընտանիքի բարեկամն էր։

Ալի Քեմալը եղել է Օսմանյան կայսրությունում հայտնի լրագրող, ինչպես նաև` «Իքդամ» պարբերականի խմբագիրը 1910-ական թթ․։Նա նաև ընդդիմադիր Ազատություն և համաձայնություն (Hürriyet ve İtilaf) կուսակցության անդամ էր ու իշխող կուսակցության՝ İttihat ve Terakki-ի (Միություն և առաջադիմություն-Ակունքի խմբ.) սուր քննադատը։ Նա բուռն կերպով քննադատում էր ղեկավար կուսակցության՝ պատերազմի մեջ մտնելու որոշումը և իր իսկ հայ քաղաքացիների նկատմամբ «պատերազմական հանցագործություններ ու ջարդեր» իրականացնելը։ Նրա խմբագրականներն ու ի պաշտպան հայերի ներկայացրած քաղաքական ելույթներն այնքան ազդեցիկ էին, որ պրո-իթթիահադական մամուլը նրան անվանում էր «Արթին Քեմալ» (Արթինը հայկական անուն է, Հարությունի կրճատ տարբերակը)։

 

Պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց, իթթիհադական առաջնորդները փախան երկրից, սուլթանը նոր կառավարություն նշանակեց, և Քեմալը կարճ ժամանակով դարձավ Ներքին գործերի նախարար։ Քեմալն անխնա պահանջում էր  դատապարտել ու պատժել իթթիհադական առաջնորդներին։ Նա շարունակում էր իր սուր քննադատությունը իթթիհադական առաջնորդների վերաբերյալ ու հանդես գալ հայերի իրավունքների պաշտպանության դիրքերից, այդ պատճառով իր բրիտանացի կնոջ ու երեխաների անվտանգությունից ելնելով՝ նրանց ուղարկում է Անգլիա։ Ցավոք սրտի, ալիքը շրջվում է դեպի նա, երբ Աթաթուրքը ապստամբություն է բարձրացնում, Անկարայում իշխանությունն իր ձեռքը վերցնում ու գահընկեց անում սուլթանին և Ստամբուլի կառավարությանը։ Ալի Քեմալը  Ստամբուլում գտնվող Թոքաթլըյան հյուրանոցում տեղակայված վարսավիրանոցում ձերբակալվում է։ Իսկ երբ նրան տանում են Անկարա՝ դատելու, Աթաթուրքի հրամանատարներից մեկը՝ «արյունարբու» Նուրեդդին փաշան (նրան արյունարբու էին կոչում իր կարմիր մորուքի, ինչպես նաև խիստ դաժանության համար), պատվիրում է իր զինվորներին լինչի դատաստան տեսնել Քեմալի նկատմամբ, ու նրան մաս- մաս են անում դեռ ողջ վիճակում։

 

Քեմալի ընտանիքը բնակություն է հաստատում Բրիտանիայում։ Նրա մեծ թոռը Բորիս Ջոնսոնն է, ով եղել է  Լոնդոնի քաղաքապետը, իսկ հիմա Արտաքին գործերի նախարարն է։ Որպես հմուտ դիվանագետ՝ Ջոնսոնը Թուրքիայի նախագահ Էրդողանին շարունակաբար ասում է, որ Մեծ Բրիտանիան կանի ամեն հնարավոր բան, որպեսզի Թուրքիան անդամ դառնա Եվրոմիության, բայց միևնույն ժամանակ, պաշտպանում է Բրեքսիթը (Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից-Ակունքի խմբ.)՝ պնդելով, որ եթե Թուրքիան մտնի ԵՄ, Բրիտանիան կողողվի թուրք էմիգրանտներով։

 

Թերևս այս քաղաքականությունը ծիծաղելի կլիներ, եթե այդ պատմություններն այդքան ողբերգական չլինեին:

armedia.am

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ