Տնտեսություն - Հայաստանում կխստացվեն գազալցակայաններում անվտանգության պահանջներն ու տուգանքները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները: Լրագրողների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշեց, որ օրենքի նախագիծը բավականին լուրջ փոփոխություններ կմտցնի ոլորտում:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեքենան լիցքավորող անձը հատուկ համակարգի միջոցով կկարողանա ստուգել` արդյոք այն անցել է տեխզննում, թե ոչ և առկա է դրանում տեղադրված գազի բալոնի փորձարկումը փաստող վկայականը: Մեքենան չի կարող լիցքավորվել, եթե բացակայում է վկայականը, որ բալոնը փորձարկված է: Բացի այդ` լուծվում է նաև գազի ճնշման խնդիրը: Տեսչական մարմնում առցանց եղանակով երևալու է, թե ճնշումը 200-ից բարձր է, թե ոչ: Եթե ճնշումը մեկ րոպեից ավել լինի 200 մթնոլորտից բարձր, տեսչական մարմինն անմիջապես կարձագանքի»,- նշեց Լևոն Խալիկյանը:

 

Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերում իրականացված ստուգումները ցույց են տվել խախտումներ ստուգված 100 տոկոս ԱԳԼՃԿ-ներում: «Ճնշումը տեխնիկական կանոնակարգի համապատասխան պետք է լինի 196 մեգապասկալ, մենք ամեն տեղ հանդիպել ենք, որ ճնշումը 210, 260, 250 է: Սա բավականին լուրջ խախտում է»,-հավելեց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու են «ԱԳԼՃԿ-ները բարձր ճնշում ցույց տալիս», Խալիկյանը նշեց, որ դրանով իբրև թե ցանկանում եմ ցույց տալ, որ լավ լիցքավորում են իրականացնում, սակայն, դա ամենևին էլ կապ չունի գազի կշռի հետ: «Բարձր ճնշումը բացարձակ կապ չունի՝ գազը շատ կկշռի, թե քիչ: Մեկ կիլոգրամանոց գազով լցված բալոնը, եթե տաքացնենք կամ սառնարան դնենք, սառեցնեք, միևնույն է մեկ կիլոգրամ է կշռելու: Այսինքն` կարևոր չի, թե ճնշումը որքան բարձր է»,-ասաց Լևոն Խալիկյանը:

Պաշտոնյան նկատեց, որ օրենքի նախագծում վերանայել են նաև տուգանքների չափը, եթե ներկայում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով է տուգանքը, ապա իրենք առաջարկել են այն դարձնել հազարապատիկ: Խալիկյանը շեշտադրեց, որ տուգանքը կկիրառվի միայն տնտեսվարողների նկատմամբ (ոչ վարորդների), որոնք կկատարեն չթույլատրված լիցքավորում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ