Մշակույթ - ​Գիտատեխնիկական գրադարանի հարցում վարչապետին թյուրիմացության մե՞ջ են գցում

Գիտատեխնիկական գրադարանի ճակատագիրը շարունակում է մնալ ՀՀ կառավարության և մի շարք գերատեսչությունների անորոշ քննարկումների ու նորանոր որոշումների թիրախում: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը կրակն է ընկել գրադարանի ձեռքը, քանի որ մի կողմից՝ ուզում է ազատվել դրանից, մյուս կողմից՝ հանդիպում է լուրջ դիմադրության: Դիմադրող կողմը գրադարանի աշխատակազմն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ տնօրենի՝ Լևոն Ղարիբյանի գլխավորությամբ համառ պայքար է մղում հանրապետությունում եզակի նշանակության գրադարանի պահպանման համար:

 

1963 թվականից գործող Գիտատեխնիկական գրադարանի դերը Հայաստանում բացառիկ էր ոչ միայն խորհրդային տարիներին, այլև այսօր: Այն հանրապետությունում միակ ավանդապահ (դեպոզիտար) գրադարանն է, որն իրականացնում է գիտատեխնիկական փաստաթղթերի անժամկետ պահպանությունն ու սպասարկումը, նաև այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են գիտական ձեռագիր աշխատանքների, մենագրությունների և նեղ մասնագիտական ուղղվածության ստեղծագործությունների ավանդադրումն ու հրապարակումը: Կենտրոնի կայքում առցանց գործող միասնական տվյալների մատենագիտական շտեմարանը օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվելու այն գիտական թեզերի, աշխարհասփյուռ հայ գյուտարարների գյուտերի, գիտական ամսագրերում հրապարակված հոդվածների և ավանդադրված աշխատանքների ցանկից, որոնք անհրաժեշտ են թե՚ բիզնեսի, թե՚ գիտության ոլորտի անձանց: Գրադարանը գիտամեթոդական օգնություն է ցույց տալիս շուրջ 35 կազմակերպությունների գիտատեխնիկական գրադարաններին և 4 մարզային մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Հրազդանում: Այս հաստատությունը տարածաշրջանում միակն է, որ բաժանորդագրված պարբերականների մատենագիտական նկարագրությունը կատարում է հոդված առ հոդված, իսկ առցանց էլեկտրոնային քարտարանը (250 հազար գրառում) բացառիկ է իր որոնողական ապարատով: Բացի այդ, իրականացվում է էլեկտրոնային առաքման ծառայություն տարածաշրջանային չորս մասնաճյուղերի մասնակցությամբ:

 

Գրադարանն իրականացնում է նաև ԱՊՀ երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի կողմից ճանաչված ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոնի գործառույթներ, համագործակցում է միջազգային մեծ ճանաչում ունեցող ՌԴ հանրային պետական գիտատեխնիկական գրադարանի և նախկին ԽՍՀՄ տարածքի գրեթե բոլոր պետությունների հանրային նշանակության գիտատեխնիկական գրադարանների հետ: Ընդգրկված լինելով նման գրադարանային ցանցում՝ գիտատեխնիկական գրադարանի շահառուները հնարավորություն ունեն օգտվելու այդ երկրների տեղեկատվական հարուստ ռեսուրսներից:

 

Մի խոսքով, այսպիսի գրադարանով ցանկացած նորմալ պետություն կարող է միայն հպարտանալ և ամեն ինչ անել այն զարգացնելու համար: Սակայն մեզ մոտ ճիշտ հակառակն է:

 

Օպտիմալացում, որն արժեք չունի

2008-2009 թթ., երբ հարց է բարձրացվել լուծարել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այն ժամանակ գրադարանը մտնում էր այդ ՊՈԱԿ-ի մեջ), կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև գրադարանի ղեկավարը: Լևոն Ղարիբյանը հիշում է՝ Տիգրան Սարգսյանը, լսելով բերված փաստարկները, ասաց, որ երկու ձեռքով կողմ է գրադարանի պահպանմանը:

 

Բարձր գնահատելով Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի դերն ու նշանակությունը՝ կառավարությունը որոշում է պահպանել այն իր 4 տարածաշրջանային մասնաճյուղերով և ներառել 2009 թ. ստեղծված «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում:

 

2016 թ. ՀՀ կառավարության նախաձեռնած կառավարման տարբեր ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի օպտիմալացման շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կառավարություն ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը լուծարել և դրա կազմում գործող գիտատեխնիկական գրադարանը Ազգային գրադարանին միացնել: Գրադարանի աշխատակազմը կտրականապես դեմ էր նախագծին, քանի որ գտնում էր, որ դա համարժեք է գրադարանի անուղղակի լուծարմանը և շուրջ 60 տարվա կուտակած գիտատեղեկատվական ռեսուրսների և այդ բնագավառի լավագույն մասնագիտական ներուժի փոշիացմանը:

 

Կոլեկտիվը բաց նամակով դիմում է վարչապետին, քննարկումներ են ծավալվում նաև Հանրային խորհրդում: Արդյունքում կառավարության նիստերի օրակարգից դուրս է գալիս գիտատեխնիկական գրադարանի գործառույթները Հայաստանի ազգային գրադարանին փոխանցելու հարցը: Սակայն գրադարանի ճակատագիրը շարունակում է կառավարության համար օրակարգային մնալ:

 

Երեք շահագրգիռ նախարարություններ (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության) սկսում են ներկայացնել գրադարանի հետագա գործունեության վերաբերյալ մեկը մեկից անփույթ նախագծեր: «Այս ամենն այլաբանորեն հիշեցնում էր Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը»,- ասում է Ղարիբյանը՝ նկատելով, որ ամեն նախարարություն փորձում էր այդ խառնաշփոթի մեջ սեփական շահն առաջ տանել, ոչ թե պետության ու գրադարանի համար արդյունավետ լուծում առաջարկել:

 

Եվ ահա, մեկ տարվա բազմաթիվ խառնիխուռն ու իրարամերժ որոշման նախագծերից հետո գրադարանի կոլեկտիվը տեղեկանում է վարչապետ Կ. Կարապետյանի վերջին հանձնարարականի մասին՝ Գիտատեխնիկական գրադարանի գործառույթները փոխանցել ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: «Փաստորեն մենք հայտնվեցինք խաբված վիճակում: ՀՀ վարչապետի անունից մեզ պաշտոնապես գրավոր հավաստիացնում էին, որ գործառույթների փոխանցումը Հայաստանի ազգային գրադարանին հանվել է օրակարգից, իսկ այժմ կանգ ենք առնում նույն կոտրած տաշտակի առջև: Ի՞նչն է պատճառը և ի՞նչ անհասկանալի մութ ուժեր են, որ հարցի լուծումը վերջին պահին նորից բերում են անխոհեմ տարբերակին»,- տարակուսած է գրադարանի տնօրենը:

 

Գիտատեխնիկական գրադարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն էլ հայտնում է, որ նոր որոշման նախագծի համաձայն՝ իրենց գրադարանը միանալու է Գյումրիի հանրային գրադարանին: Նրա կարծիքով՝ միավորման հետևանքով իրենց գրադարանը կդառնա պարզապես գրքերի պահոց: «Մենք այլևս չենք կարողանա իրականացնել այն գործառույթները, որ իրականացնում ենք այժմ՝ իբրև գիտակրթական կենտրոն, որից օգտվում են մարզի տեխնոլոգները, գործարարները, գիտաշխատողները, դասախոսները, ուսանողները»:

 

Լևոն Ղարիբյանը կարծում է, որ միակ արդյունավետ ու բնական լուծումը կլիներ այն, որ գրադարանին տրվեր առանձին ՊՈԱԿ-ի կարգավիճակ. «Ինչո՞ւ 15 հանրային բնույթի գրադարաններից 14-ը կարող են գործել որպես առանձին ՊՈԱԿ-ներ, իսկ 15-րդը` հանրապետության միակ գիտատեխնիկական գրադարանը` ոչ»,- զարմանում է նա:

 

Տնօրենը համոզված է, որ ոչ մի շահագրգիռ պետական այր պատկերացում անգամ չունի, թե խոսքն ինչպիսի գրադարանի մասին է, այն պարագայում, երբ վերջինիս ֆոնդերում պահպանվող փաստաթղթերի քանակն ավելին է, քան հանրապետության բոլոր գրադարանների ֆոնդերը միասին վերցրած:

 

«Կարծում եմ՝ մեր գրադարանի անհրաժեշտության հարցում ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցում խնդրին խորամուխ չլինող, վերջինիս ռազմավարական նշանակությունը չիմացող, չգնահատող, խնդրին մակերեսային մոտեցում ցուցաբերող իր թիմի անտեղյակ պետական գործիչները»,- ասում է Ղարիբյանը:

 

Վերջինս «անտեղյակներին» կոչ է անում տեղեկատվական հարուստ գանձարանը չշփոթել թղթե թափոնի հետ, իսկ գրադարանի կարևորությանը կասկածողներին հրավիրում է գրադարան շրջայցի՝ համոզված, որ մեկ այցելությունն էլ հիմնովին կփոխի պատկերացումները գրադարանի մասին:

 

«Հարցրեք գյուտարարին, գիտնականին, ասպիրանտին, գործարարին, տեխնոլոգին… Մի՞թե այս յուրահատուկ կառույցը ավելորդ բեռ է դարձել մեր պետության համար: Արցախյան հակամարտության առաջին տարիներին մեր գրադարանի ռազմական ընթերցասրահից էին օգտվում զինագործներն ու պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Մի՞թե Ադրբեջանի կողմից Եվրադատարանում հարուցված գործով հակընդդեմ հայցում նշված մեր գրադարանում պահվող գնացուցակների շնորհիվ չէր, որ վճիռ կայացվեց հօգուտ մեր պետության: Կամ ուշագրավ չէ՞ այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության հուշագրի անվան տակ ցանկանում էր թվայնացնել մեր ողջ արտոնագրային ֆոնդը (շուրջ 18 մլն փաստաթուղթ), որտեղ պահված էին երկակի նշանակության գյուտերի նկարագրերը ևս: Հասկանալի պատճառներով մենք հրաժարվեցինք այդ առաջարկությունից: Ուրեմն ինչ, օտարները մեզ ավելի՞ են գնահատում, քան մեր հարազատ կառավարությունը: Մի՞թե մենք դարձել ենք փորձադաշտ օպտիմալացման ճիրաններում: Հարվարդներ ու Քեմբրիջներ ավարտածները, կարծում ենք, գեթ մեկ անգամ գրադարան այցելած և տեսած կլինեն, թե այդ երկրներում ինչպիսի տեղ է հատկացվում գրադարաններին: Փոխանակ առաջարկեն, թե ինչպես անել, որ գրադարանների ռեսուրսները հարստացվեն, ընտրում են ամենադյուրին ճանապարհը՝ առաջնորդվելով «չկա կառույց` չկա պրոբլեմ» կարգախոսով և իրենց գերադասին զեկուցելով, թե տեսե՛ք, հերթական օպտիմալացումն ենք իրականացնում»:


Ankakh.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ