Մշակույթ - «Շատերը կարծում էին՝ կկոտրվեմ». Վարդան Պետրոսյան

Շատերը կարծում էին, որ ես այլևս երբեք բեմ չեմ վերադառնա, շատերը կարծում էին, թե ընդհանրապես կկոտրվեմ և երբեք ոտքի չեմ կանգնի, բայց ես գիտեի, որ նորից պետք է բեմ վերադառնամ: Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

Ավելի քան երեք տարի բանտում անցկացրած դերասանը խոստովանել է, որ դյուրին չէր նորից բեմ բարձրանալ՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, բայց գիտեր, որ պետք է վերադառնա, հանդիսատեսի համար և նրա շնորհիվ:

«Ես շատ երջանիկ մարդ եմ, հոգեկան մեծ բավարարավածություն եմ ստանում իմ ելույթներից, հանդիսատեսի հետ փոխհարաբերությունից: Ինձ համար շատ մեծ նվեր է՝ ունենալ հանդիսատես, որը հարազատ է դառնում, բարեկամ, ընկեր, հանդիսատես, որն այս վերջին տարիներին կիսեց իմ ճակատագրի դժվար ժամանակաշրջանը, իսկ հիմա գալիս է՝ բեմ վերադարձիս առիթով ինձ ողջունելու»,- ասել է դերասանը:

Փետրվարին Վարդան Պետրոսյանը նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» շոուն ներկայացրել է Լոս Անջելեսում, իսկ այս օրերին Բեյրութում էր: Դերասանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաև Հայաստան գալ՝ նոր բեմադրությունը ներկայացնելու:

«Լոս Անջելեսի ներկայացումներից ապշեցի, որովհետև դահլիճը լի էր երիտասարդներով: Նշանակում է՝ փոքր երեխաներն իմ ներկայացումներով են մեծացել, և հիմա եկել էին՝ ողջունելու վերադարձս, ողջունելու, որ ես ոչ միայն չկոտրվեցի, այլև համարձակություն ունեցա վերադառնալ ու խոսել իմ դառն օրերի մասին»,- պատմել է սիրված դերասանը:

Նա խոստովանել է, որ դատաքննության և բանտում անցկացրած ժամանակաշրջանը հոգեբանորեն չափազանց բարդ փուլ էր իր համար. դժվարությամբ է դիմակայել իր նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշումներին ու դատարանի դահլիճում ստեղծված մթնոլորտին: «Գիտեի, որ անընդհատ պետք է լռեմ, որովհետև թակարդներ էին լարվում իմ դեմ: Շատ դժվար էր ինձ համար: Երբեմն աթոռն այնքան ամուր էի սեղմում, որ կարծես պետք է կոտրեի, բայց կարողանա տանել այդ ամենը»,- վերհիշել է դերասանը:

Բեմադրությունից զատ՝ Վարդան Պետրոսյանը նաև հուշեր է գրում. շուտով գիրքը նույնպես կհանձնի երկրպագուների դատին: «Այն ամենը, ինչ բեմ եմ բարձրացրել, ինչ տեղ է գտել գրքում, մեկ տասներորդն է այն ամենի, ինչ ապրեցի բանտում, որովհետև կան շատ-շատ բաներ, որոնց մասին չեմ ուզում խոսել, որոնց մասին կարիք չկա խոսելու»,- հավելել է դերասանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ