Մշակույթ - Այսօր՝ մարտի 25-ին, մայրաքաղաքում և մարզերում հայությունը նշում էր Ծաղկազարդը

Ինչպես և հնում, մեր օրերում էլ Ծառզարդար տոնը երիտասարդության կողմից նշվում է մեծ շուքով, քաղաքը լի է ծաղկեպսակները գլխներին երիտասարդ աղջիկներով: Տեսակետ լրատվականը ևս մասնակցեց տոնակատարություններին արդեն մեկ տարի է՝ բացված Երևանի Տիկնիկների պատկերասրահում:

 

Միջոցառումը մեկնարկեց Բուդաղյանի անվան երգչախմբի կատարումներով, ովքեր ներկայացրին հենց Ծաղկազարդ տոնին երգվող երգերը՝ Այսօր մտանէ, Սուրբ Աստված (պատարագից մի հատված), Խնկի ծառ: Այնուհետև ազգագրագետ Սոնյա Պապիկյանը անցկացրեց փոքրիկ դասընթաց՝ պատմող տոնի խորհրդի մասին, որին էլ հաջորդեց ազգագրագետի դասընթացը՝ ինչպես պատրաստել ծաղկեպսակները ուռենու ճյուղերից:  Այցելուները և երեխաները սկսեցին իրենց ձեռքերով պատրաստել այդքան սպասված ու սիրված ծաղկեպսակները և բոլորը կրեցին այն իրենց գլխին: 

 

Ազգագրագետ Սոնյա Պապիկյանը Տեսակետ Լրատվականի հետ զրույցում ասաց, որ Ծաղկազարդը կամ Ծառզարդարը նշվում է Սուրբ Զատկի նախորդ կիրակին, ինչպես բոլոր մյուս ազգագրական տոները, սկսվում է շաբաթ երեկոյից: Սա հիմնականում երիտասարդության տոնն էր՝ տղաների, աղջիկների, քան մեծահասակների, քանզի մեծահասակները ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում էին Քրիստոսի հարության տոնին:

 

Տղաները անցյալում շաբաթ երեկոյան պոկում էին ուռենու ճյուղերը, արմատախիլ էին անում գոնե երկու ուռենու ծառ, տանում-զարդարում այդ ճյուղերով եկեղեցին, աղջիկները գնում էին, տարբեր տեղերից 7 տեսակի ծաղիկներ էին հավաքում, իսկ ինչու 7, որովհետև կենտ թվերը միշտ համարվում էին հաջողություն բերող թվեր, ահա 7 տեսակի ծաղիկ քաղում էին, մի մեծ սափորով ջուր էին հավաքում, դեռ շաբաթ երեկոյան այդ ծաղիկները ընկղմում սափորի մեջ, դնում լուսնի լույսի տակ, և հավատում էին, որ երբ օրը բացվեց, այդ ծաղիկները դեն նետեն, իսկ ջրով լվացվեն, ամբողջ տարին հաջողված կլինի: Տոնակատարությունները շարունակվում էին ողջ օրը՝ եկեղեցում, ապա եկեղեցում օրհնված ճյուղերը տանում էին տուն, դրանցից պատրաստում պսակներ, կախում տան պատին, կամ կախում հավերի վզից, որ շատ ձու տան, կամ գոմում՝ կովերի վզից, որ առատ կաթ տան և այլն: Ծաղկազարդը այն տոնն էր, որին թույլատրվում էր աղջիկներին և տղաներին խաղեր խաղալ, իրար հետ, փաստորեն, շփվել: Շատ անգամ հենց եկեղեցում տեղի էր ունենում նշանախոսություն կամ հանպատրաստի նշանադրություններ: Ծաղկազարդին նորապսակ հարսը կարող էէր առաջին անգամ գնալ դարձ, որը տևում էր մինչև կանաչ կիրակի:

 

Ազգագրագետի խոսքով՝ տոնը, ինչպես շատ այլ ազգագրական տոներ, ունի իրեն բնորոշ ուտեստը, որը Հատիկն է: Այն պատրաստում էին խաշած ցորենից, խաշած սիսեռից, ավելացրած՝ չամիչ, ընկույզ, շաքարահատիկներ, ցանկության դեպքում՝ մեղր: 

 

Պատկերասրահի տնօրեն Ստելլա Սարգսյանը Տեսակետ Լրատվականի հետ զրույցում շեշտեց, որ թեև պատկերասրահը բացվել է դեռևս մեկ տարի՝ 2017 թվականի մարտի 21-ին, և մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է նոր հասցե՝ Թումանյան 11, սակայն ոչ միայն պատկերասրահում աշխատակիցները փորձել են զետեղել մեր հայ տիկնիկագործների աշխատանքները, այլև բացի փառահեղ ցուցադրությունից, ծիսական սրահին բնորոշ տիկնիկների ցուցադրությունից պատկերասրահը միշտ փորձում է նշել մեր ազգային տոները: «Մենք կազմակերպել էինք միջոցառում, որի շրջանակներում հրավիրել ազգագրագետ Սոնյա Պապիկյանին՝ ով անցկացրեց տոնի կապակցությամբ դասընթաց և սովորեցրեց մեր այցելուներին, մեզ, պսակներ գործել, շատ տպավորված էինք տոնին բնորոշ կերակրատեսակի համտեսումից, մասնակիցներն էլ անհամբեր սպասում էին պսակները գործելու պահին, որից շատ ոգևորված էին: Նման ծրագրերը լինելու են շարունակական: Մյուս նման դասընթացը նախատեսում ենք կազմակերպել Վարդավառին: Սպասեք նորանոր անակնկալների պատկերասրահի կողմից»,- ասաց պատկերասրահի տնօրենը:

 

Երևանի տիկնիկների պատկերասրահի գիտաշխատող Նարինե Եղիկյանի խոսքով էլ շատ կարևոր է շեշտել, որ մեր հասարակության մեջ մի տենդենց է ստեղծվել՝ նշել մեր ազգային տոները: Ահա պատկերասրահը ևս կարևորելով հայ ավանդական ծեսերը, տոները, կենցաղը, փորձում է բոլոր տոները նշել պատկերասրահում, նշելու հետ մեկտեղ փորձելով ներկայացնել տոների ավանդական կերակուրները: «Մեր հյուրը, ազգագրագետ Սոնյա Պապիկյանը պատրաստել էր տոնին բնորոշ ծիսական ուտեստը, «Հատիկը», որը համտեսեցին մեր հյուրերը, այցելուները, մասնակիցները, իսկ ինքներդ էլ տեսաք, որ մեր հյուրերը, մասնակիցները թե՛ մեծահասակներ էին, թե փոքր երեխաներ, ուստի շատ կարևոր էր այս տոնի անցկացումը նրանց համար, որպեսզի փոքր տարիքից հասկանան մեր մշակույթը, ծանոթանան մեր ազգային տոներին, կերակուրներին, տոների խորհրդին»,- ասաց նա:

 

Լուսանկարները և տեսանյութը Տեսակետ լրատվականի:

 

 

Նյութը պատրաստեց և Ծաղկազարդը տոնեց Անուշ Կրկյաշարյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ