Հասարակություն - Ամսագիրը պետք է ասելիք ունենա և հետաքրքրի ընթերցողին, բայց չթելադրի կենսակերպ

Հայկական ամսագրերից շատերն ունեն յուրատեսակ իմիջ: Իսկ ի՞նչ ասել է իմիջի հոգեբանություն. յուրաքանչյուր ամսագիր պետք է ուշադրություն գրավի։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության պահանջներն արդեն  հոգեբանական տեսանկյունից։ Չէ՞ որ երբ մարդ մոտենում է թերթի կրպակին, առաջինը սկսում է գործել  որոնողական բնազդը. աչքերը փնտրում են վառ գույներ, տարբերվող իմիջ, յուրակերպ ինքնաներկայացում։

Ամսագրերի իմիջի հոգեբանությունը հասկանալու համար զրուցեցինք հոգեբան, հոգեվերլուծաբան Սաթեն Գրիգորյանի հետ։

 

- Ինչի՞ վրա է առաջինը ուշադրություն դարձնում գնորդը ամսագիր գնելիս։

- Ամսագիր գնելիս մարդիկ նախևառաջ ուշադրություն են դարձնում բովանդակությանը, քանի որ ամսագիրը պետք է ասելիք ունենա և հետաքրքրի ընթերցողին: Հիմնականում հետաքրքրության կիզակետում են այնպիսի թեմաները, որոնք արդիական հնչեղություն ունեն և իրենցում նորույթ են պարունակում:  

 

- Ի՞նչ մարտավարություն պետք է մշակվի հաջողված ամսագիր ստեղծելու համար:

- Հաջողված ամսագրի համար պետք է ունենալ ազդեցիկ ապրանքանիշ/լոգո/, հոգեբանական տեսանկյունից ճիշտ ընտրված գունային ռազմավարություն, քանի որ ցանկացած գույն իր նշանակությունն ու ազդեցությունն ունի ընթերցողի ընկալման հարցում: Կարևոր են նաև ճիշտ ընտրված թիրախային խումբն ու լսարանը, որին ուղղված է ամսագիրը:

 

- Ամսագրերում առկա՞ է հոգեբանական ազդեցության գործոնը:

- Հոգեբանական ազդեցության գործոն, միանշանակ, առկա է այնքանով, որ մարդու ենթագիտակցության վրա կարող է ազդել  նույնիսկ ամենաչնչին թվացող տարրը:

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի ամսագիրը, որպեսզի ուշադրություն գրավի։

- Մեր օրերում ամսագրերի մեծ մասն ունի ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակ: Իհարկե, ժամանակը շատ բան է փոխում մարդու ընկալման մեջ, սակայն բազում հետազոտություններ այն փաստի հավաստիքն են, որ էլեկտրոնային տեքստ կարդալու արագությունը 25%-ով ավելի ցածր է, քան տպագիր տարբերակով կարդալը: Մարդիկ խուսափում են երկար տեքստերից, ուստի տեքստն այնպես է պետք համակարգել, որ ծավալուն չլինի և պարբերություններով բաժանված լինի. այդպես ընկալման արդյունավետությունը մի քանի անգամ մեծանում է և մարդը հոգեբանորեն տեսքտն ավելի հեշտ է կարդում:  Առհասարակ, առավել տպավորիչ և կարդացվող է համարվում այն նյութը, որում նկար կա տեղադրված:

 

- Ձեր կարծիքով՝  ամսագրերի դիզայնը հոգեբանական ներազդման մեխանի՞զմ է։

- Որոշ հետազոտություններ փաստում են, որ էլեկտրոնային տարբերակով ամսագրեր ընթերցելիս մարդիկ կրկնակի անգամ ավելի շատ կենտրոնանում են կայքի ձախ հատվածի վրա /69% դեպքում/. դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կայքերում գլխավոր և կարևոր տեղեկությունները տեղադրվում են ձախ հատվածի վերևի մասում: Նկատելի է նաև, որ ամսագրերում ոչ այնքան կարևոր նյութերի մեծ մասը զետեղվում է աջ կողմում, չնայած դա էլ, մի փոքր բանիմաց լինելու և հոգեբանական գաղտնիքներին տիրապետելու դեպքում, կարելի է դարձնել տեսանելի ընդամենը դրանց գույներ տալով: 

 

- Ամսագրերը կարո՞ղ են հասարակական կարծիք ձևավորել։

- Ամսագրերը հասարակական կարծիք ձևավորել, միանշանակ, կարող են: Վերջին տարիներին ավելի շատ են սկսել անդրադառնալ նախկինում տաբու հանդիսացող թեմաների, մինչդեռ այսօր մարդիկ ազատ խոսում և հաղորդակցվում են այդ թեմաներով: Հոգեբանության մեջ և հարակից գիտություններում այդ ֆենոմենը կոչվում է «Օվերտոնի պատուհան», այն է՝ ցանկալի գաղափարը անցկացնելով Օվերտոնի պատուհանի բոլոր փուլերի միջով՝ այն հեշտությամբ կարելի է դարձնել հասարակության կողմից ընդունելի, ինչը մեզանում ակտիվորեն սկսել է կիրառվել:  

 

- Ձեր կարծիքով՝  ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ կառուցված ամսագիրը:

- Տեսողական ազդակներն ավելի մեծ ազդեցություն են թողնում որոշումների վրա, քան սպառողական նախապատվությունը: Սա թույլ է տալիս ասել, որ եթե մարդը շտապում է, ապա ավելի հակված է քիչ ուշադրություն դարձնել իր ճաշակին, ուստի նրա ընտրությունը կանգ կառնի այն ամսագրի վրա, որն իր ուշադրությունը կգրավի: Ուստի հարկավոր է հնարավորինս ճիշտ պատկերներ ներառել ամսագրում, ուշադրություն դարձնել նկարներին, դրանց գրավչությանը, գունային առանձնահատկություններին, ձևավորմանը և այլն: Ամենակարևոր տեղեկությունները պետք է տեղադրել առաջին էջերում, քանի որ մարդկանց մեծամասնությունն ամսագիրը սկսում է թերթել սկզբից դեպի վերջ: Դա  է պատճառը, որ առաջին էջերում հիմնականում գովազդ է տեղադրվում, իսկ հայկական իրականությունում ամսագրային մեկ էջի գովազդի արժեքը տատանվում է 50-650.000 դրամի միջև:

 

- Մերօրյա ամսագրերի հանդեպ վերաբերմունքը մի փոքր, կարծես անլուրջ է։ Ամսագրերը այսօր կոչված են ոչ այնքան լրատվություն տալու, որքան ժամացի համար են կամ այսպես ասած դեղին մամուլին են ծառայում։ Ինչու՞ է  դա այդպես։

- Յուրաքանչյուր ամսագիր իր առջև դրված որոշակի նպատակ ունի, որի պահանջներին փորձում է հավատարիմ մնալ: Այսօր ամսագրերը կոչված են՝ ավելի շատ բավարարելու ժամանցային գործառույթը, քան կրթադաստիարակչականը, և ամեն ինչ առավել քան պարզ է՝ մեր օրերում  ժամանցային ֆորմատն առավել եկամտաբեր  է:

 

- Ընդունված է, որ ամսագրերի ընթերցողների բանակը հիմնականում տան տիկիններն են։ Տղամարդկանց  ձեռքին  ամսագրեր մենք գրեթե չենք տեսնում՝  ավելի շատ օրաթերթեր և շաբաթաթերթեր են։ Ինչու՞

- Կարծում եմ՝ բնական է, որ ամսագրի ամենամեծ սպառողը պետք է իգական սեռի ներկայացուցիչները լինեն, քանի որ դրանցում շահարկվող թեմաներն առավելապես կանացի են և տղամարդկանց շատ քիչ դեպքերում կարող են հետաքրքրել: Բացի այդ, հատկապես տնային տնտեսուհիներն ունեն շատ ազատ ժամանակ և այն ինչ-որ ձևով հարկավոր է լցնել: Այլ բան է, որ կան հատուկ տղամարդկանց համար նախատեսված ամսագրեր, որոնք էլ, համապատասխանաբար, կանանց են շատ քիչ դեպքերում հետաքրքրում:

 

- Այսօր, հատկապես ժամանցային, այսպես ասած գլյանսե ամսագրերը ողողված են նորաձևության տենդենցներով, ֆոտոմոդելների հիանալի, հեքիաթային կյանքը ներկայացնելով, ամենատարբեր խորհուրդներով, ինչպես ունենալ գեղեցիկ, նիհար կազմվածք և այլն։ Ու եթե հասուն տարիքի իգական սեռի ներկայացուցիչները դրան թեթև են վերաբերվում, նույնը չես ասի դեռահասների մասին, այստեղից էլ , օրինակ , հատկապես սլավոնական ծագման երկրներում անարեքսիա հիվանդության հսկայական թվեր, քանի որ տեսնում են այդ ամսագրերի մոդելներին և ցանկանում ամենատարբեր նշված դիետաներով նիհարել։ Շատ անգամ դա դաժան ավարտ է ունենում։ Կա՞ դրանում ամսագրի հեղինակների մեղքը։ Չի՞ կարելի ասել, որ ամսագիրն էլ, թեև ունի բուրվառայինի համբավ, բայց այս պարագայում համապատասխան հասարակական կարծիք է ձևավորում։

-Դեռահասների մոտ մասնավորապես կա նույնականացման բնազդը, հատկապես, երբ նրանք դժգոհ են իրենց արտաքին տվյալներից, կազմվածքից և այլն, ուստի փորձում են նույնականանալ պատկերված մոդելի հետ առանց հաշվի առնելու, որ նրանց մեծ մասն իրենց արտաքին տվյալների յուրակերպությունը ստանում է համակարգչային ծրագրերի միջոցով:  Ամսագրի լրագրողն իր խմբագրի հետ անդրադառնում է պահանջարկ ունեցող թեմաների, իսկ սպառողի խնդիրը կայանում է նրանում, որ ինքը փորձի հասկանալ՝ պետք է կարդալ նյութը տեղեկանալու՞ համար, ժամանցի՞ համար, թե՞ ներկայացվածն ու ցուցադրվածը կենսակերպ դարձնելու: Հիմնականում ստացվում է այնպես, որ անդրադառնալով որևէ քննադատելի երևույթի՝ ավելի շատ պրոպագանդվում է երևույթը, քան ներկայացվում վերջինիս իրական կողմը: Եվ դա ամենևին էլ դիտավորյալ չի արվում. պատճառն այն է, որ որևէ երևույթի մասին շատ խոսելիս այն առավել արդիական ու քննարկելի է դառնում, քան կլիներ բարձիթողի վիճակում:

 

Կատարինե Ղարսլյան

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ