Միջազգային - Եվրոպական 20 երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ «Սկրիպալի գործի» առնչությամբ. The Times

Բրիտանական The Times թերթը գրում է, որ մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ։

 

Թերթի համաձան՝ արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։

 

Թերթը՝ անանուն աղբյուրի հղումով, գրում է, որ արտաքսման «համակարգված շարքին» կարող են մասնակցել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։

 

Նախօրեին հաղորդվել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար:

 

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:

 

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

 

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

 

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ