Մշակույթ - Եկեղեցու զանգերի ձայնային ալիքները ոչնչացնում են օդում գտնվող բակտերիաներն ու վիրուսները․ Ի՞նչ բուժիչ հատկություն ունի Կոմիտասի երաժշտությունը

Կոմիտասի պատարագն ու հայ ժողովրդական երաժշտությունն ունեն բուժիչ հատկություն։ Այս մասին «Գոյ» կենտրոնի մասնագետները խոսեցին Կոմիտասին նվիրված միջոցառման ժամանակ։ Հայ մեծ երգահան, երաժշտագետ Կոմիտասի թողած ժառանգությունը մինչ օրս շարունակում է ուսումնասիրվել։ Կոմիտասը հավաքել ու գրի է առել մոտ 3000 ժողովրդական երգ ու երաժշտություն, սական դրանց մի մասը կորել է ու դրանցից մնացել է միայն 1200-ը։ Սակայն այդ ամենն էլ բավական է, որ կոմիտասագետներն ու մասնագետները շարունակեն ուսումնասիրություններն ու փորձեն գտնել մի շարք հարցերի պատասխաններ։

NEWSPRESS.am Culture-ի հետ զրույցում «Գոյ» կենտրոնի հոգեբան, մասնագետ Վարդուհի Մարգարյանը խոսեց զանգակաթերապիայի մասին ու ներկայացրեց, թե ինչ բուժիչ հատկություն ունի Կոմիտասի երաժշտությունը։

«Մենք ուսումնասիրեցինք Կոմիտասի պատարագը, հայ ժողովրդական երաժշտությունն ու փորձեցինք պարզել, թե արդյոք ի՞նչ ազդեցություն ունի այդ երաժշտությունը։ Հին ժամանակ եկեղեցիների զանգերն ավելի հաճախ էին հնչում։ Հիմա շատ քիչ է հանդիպում, երբ օրվա տարբեր ժամերին հնչում են եկեղեցու զանգերը։ Զանգերի միջոցով ստեղծված երաժշտությունն ու ազդանշանները ունեին հատուկ նշանակություն։ Յուրաքանչյուր մարդ գիտեր, թե որ ազդանշանն ինչ է նշանակում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ զանգակաթերապիան կիրառվել է Ռուսաստանում և այլ երկրներում։ Օրինակ՝ երեխաները զանգակների միջոցով ստեղծում են երաժշտություն ու իրենց միջից դուրս են հանում բացասական էներգիան։ Այս դեպքում մեծ նշանակություն ունի, թե ի՞նչ երաժշտություն է ստեղծում երեխան, և թե ի՞նչ մետաղից է բաղկացած զանգակը։ Այդպես կարելի է բուժել մարդու գլխացավը, սթրեսային վիճակներն ու կոմպլեքսները»։

 

Մասնագետը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու արարողություններն ունեն հատուկ նշանակություն։ Յուրաքանչյուր դետալ, ձայն մարդու վրա թողնում է ազդեցություն։

«Կոմիտասը չի խոսել զանգակաթերապիայի մասին, բայց խոսել է իր պատարագների ազդեցության մասին։ Եկեղեցական երգերը, շարականները, բուրվառի ձայնն ու խնկի հոտը մարդու վրա թողնում են ազդեցություն։ Այդ ամենն ընտրված են հատուկ։ Ապացուցված է, որ եկեղեցու զանգի ձայնային ալիքները ոչնչացնում են օդում գտնվող բակտերիաներն ու վիրուսները։ Այն, որ հիմա մեր եկեղեցիներում զանգերն ավելի քիչ են հնչում, արդեն շատ վատ է։ Մենք ուսումնասիրություններ արեցինք, ու պարզ դարձավ, որ Էջմիածնում, որտեղ զանգերն ավելի հաճախ են հնչում, մարդկանց ամենասիրելի ժամերից մեկը զանգերի ժամն է։ Նրանք նշեցին, որ զանգերի ձայնի հետ մեկտեղ կարծես նրանք վերակենդանանում են ու հոգեպես թեթևանում։ Զանգի ձայնն արթնացնում է, էներգիա տալիս։ Ու եկեղեցիներում պատահական չէ ոչ մի բան։ Ո՛չ զանգի ձայնը, ո՛չ խնկի հոտը, ո՛չ էլ բուրվառի ձայնը»։

 

Վարդուհի Մարգարյանը հավելեց նաև, որ այս ուսումնասիրությանը հավանության տվեցին նաև Գերմանիայում։ Նա ընդգծեց նաև, որ ապագայում ցանկանում են զանգակներ ձեռք բերել ու ավելի լուրջ ուսումնասիրություններ անել։

 

newspress.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ