Տնտեսություն - ՀՀ-ի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համաձայնագրով նոր մակարդակի են բարձրացվում ՀՀ-ԵՄ հարաբերությունները. Շ. Քոչարյան (տեսանյութ)

Կառավարությունն այսօրվա նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

«Այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր գործընկերային մակարդակի են բարձրացվում Հայաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունները։ Այն կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում, ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանը և խորությանը։ Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,-ասաց նա:

 

Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու այն պահից հետո, երբ վերջին պետությանը ծանուցվի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են։

 

«Այս փուլում ներպետական գործընթացներն ավարտվել են դեռևս միայն Էստոնիայում։ Մյուս կողմից մենք ստացել ենք ծանուցում ԵՄ-ից առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար իրենք ավարտել են իրենց ներպետական գործընթացները, այսինքն՝ համաձայնագիրը նախատեսում է, որ որոշակի հատված կարող է կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը»,-ասաց նա։

 

Նախագծին արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը և հարցրեց, թե որ երկրների հետ կա առանց վիզաների մուտք և ելք։

 

«Դուք պատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսում ենք այս տարի»,-ասաց նա:

 

Վարչապետը նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կոմիտեն դիմել է ԱԳՆ-ին այս հարցով, թե որ երկրների հետ կա ցանկություն «վիզային ռեժիմը թուլացնել» և ստացավ դրական պատասխան։

 

«Պարո՛ն վարչապետ, մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ, ամեն ամիս տալիս ենք այն երկրների ցանկը, որոնք հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,-ասաց Զեյթունցյանը։ Վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսվում է այս տարի վիզային ռեժիմը փոխել, իսկ Շավարշ Քոչարյանը նշեց, որ հետո տվյալները կասի, քանի որ այս պահին դրանք իր մոտ առկա չեն:

 

«Ես հետո տվյալները կասեմ, մի քանի երկիր կա, որոնց հետ ռեժիմը փոխելն ուղղակի որևէ վտանգ, խնդիր չի պարունակում, բայց ուշացնում ենք»,-ասաց նա։

 

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ