Միջազգային - Եվրոպայի բանտերում ազատ տեղ չի մնացել

Ամբողջ աշխարհում հանցավորության աճը վկայում է, որ մարդկային հասարկությունը մի շատ կարևոր բան կորցրել է և քանի դեռ չի վերագտել` բազմաթիվ անհատներ հանցանքներ են գործելու, ուրիշները դրանցից տուժելու են, մեկ այլ խումբ էլ իր համար մասնագիտություն ու զբաղմունք է դարձնելու հանցագործներին գտնելը, նրանց հանցանքի չափը որոշելն ու պատժաչափ նշանակելը: Երկրներն էլ կրթական, գիտական ու մշակութային օջախների, հանգստի գոտիների և նման բաների փոխարեն զարկ են տալու բանտաշինությանը:

 

Օրենքը խախտողների հանդեպ օրինապահների խստությո՞ւնն է պատճառը, թե՞ հանցավորության մակարդակն է բարձր, համենայնդեպս ըստ հրապարակվող փաստերի` Եվրոպայի շատ երկրներում ազատազրկման վայրերը լեցուն են պատիժը կրող կալանավորներով: Դրանցից 13-ում նույնիսկ կալանավորների թիվը զգալիորեն ավելի է, քան նրանց համար առանձնացված տեղերն են: Սա են հաստատում Եվրախորհրդի «Պատժիչ հիմնարկների վիճակագրությունը» աﬔնամյա զեկույցի տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 20-ին:

 

Այդ տվյալները վկայում են, որ նշված տեսանկյունից իրադրությունն առավել անբարենպաստ է Մակեդոնիայում (Հարավսլավիայից անջատված հանրապետությունում), ապա նաև Հունգարիայում (յուրաքանչյուր 100 տեղի համար՝ 132-ական կալանավոր): Այնուհետև գալիս են Կիպրոսը (127), Բելգիան (120) և Ֆրանսիան (117), Պորտուգալիան ու Իտալիան (109-ական), ապա Ալբանիան (108): Զեկույցում բավական ուշագրավ դիտարկում է արվում:

 

- Եվրոպայի բանտերում գործնականում ազատ տեղեր չեն մնացել: Միջին վիճակագրական ցուցանիշը ամեն 10 տեղի հաշվով 9 կալանավոր է,- ընդգծում են զեկույցը կազմողները:

 

Վերլուծելով այս իրավիճակը, Եվրախորհրդի փորձագետները, կարծիք են հայտնել, որ նման իրավիճակի գլխավոր պատճառը պատժաժամկետների տևողութան ավելացումն է, քանի որ բազմաթիվ երկրներում հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով խստացրել են պատժաչափերը: Ըստ վիճակագրության՝ եվրոպական երկրներում դատապարտյալները բանտերում միջին հաշվով պատիժ են կրում 8,5 ամիս:

 

Այն, որ հանցագործի տեղը բանտն է, ու նա պետք է իր արածի համար այս կամ այն չափով պատասխանատվություն կրի` կասկածից վեր է: Սակայն կասկածից վեր է նաև այն, որ ոչ մի մարդ հանցագործ չի ծնվում: Ամեն մեկը հանցագործ է դառնում որևէ հասարակության մեջ ապրելով, ու շատ հաճախ այդ հասարակության մեջ արմատավորված բարքերը, կրթական ավանդույթները, արժեհամակարգը, վաստակելու հնարավորությունները, անհատի ապահովությունը և այլ գործոններ են մարդուն դրդում խախտել օրենքը:

 

Avangard

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ