Միջազգային - Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը:

 

Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:

 

Հայ պատգամավորը շեշտել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, բայց ցուցադրությունն արգելվել է մեկ այլ երկրի պահանջով:

 

Դողանը թուրք նախարարին ուղղել է հետևյալ հարցադրումները.

«Ֆիլմն արդյո՞ք ուսումնասիրվել է  Ձեր նախարարության կողմից: Եթե ուսումնասիրվել է, ապա ֆիլմի ո՞ր դրվագներում են առկա արգելքի համար հիմք հանդիսացող տարրեր: Եթե այդպիսի հիմքեր կան, ապա դրանք գործող օրենսդրության ո՞ր հոդվածներն են խախտում»:

 

Դողանն ավելացրել է նաև, որ կինոփառատոնի թեմային համապատասխանող և կնոջ ապրած անձնական դրամայից բացի այլ բան չպարունակող ֆիլմի ցուցադրության արգելքը կարելի է դիտել որպես պատասխան այն հարցին, թե ինչու է Թուրքիան մինչև հիմա գիտության, արվեստի ու սպորտի բնագավառներում հետ մնացել միջազգային չափանիշներից:

Հիշեցնենք, որ Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փախչում է Իրանում գտնվող իր նախկին ամուսնուց և ապաստան գտնում Արցախի գյուղերից մեկում: 

 

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը հատուկ գրությամբ կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:  

 

Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել էր, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության ակտիվ միջամտության հետևանքով:

 

ermenihaber.am/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ