Քաղաքական - Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիաս քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը նշել է, որ 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էր, երբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:

 

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէր: Այն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգև չէր: Կործանման եզրին կանգնած մի ժողովուրդ, որ ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության և սպանդի, իր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրին, այլ նաև վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամուն: Նման զարգացումները և հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի և առեղծվածային են թվում: Ոմանց, բայց ոչ մեզ, ոչ մեր ժողովրդի համար: Այսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո և իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ է, հարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելու, անսպառ լավատեսության և անձնվիրության մեջ»,-ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

 

Բակո Սահակյանը շեշտել է, որ 1918 թվականի սխրագործությունները և դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման և ոգևորության յուրահատուկ աղբյուր:

 

«Դժվար է գերագնահատել այն լիցքը, որ դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում և Արցախյան ազատամարտի տարիներին: Հիմա էլ դրանք սփյուռքում և հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարևոր բաղադրամաս են հանդիսանում»,- նշել է Նախագահը:

 

Իր ելույթի վերջում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը կանգնած է ամուր և հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հանուն պայծառ և հուսալի ապագայի:

 

«Սա է մեր հերոսամարտերի խորհուրդը, և բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:

 

Համաժողովին մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, Արցախի, սփյուռքի և տարբեր երկրների գիտական, քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ