Մշակույթ - ՄԱՀԱԶԴ

Մահացել է «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամ Համլետ Թուր- Սարգսյանը:

 

Խորը վշտով և անասելի ցավով տեղեկացանք, որ կյանքի 88-րդ տարում մահացել է «Հաճըն» հայրենակցական միության պատվավոր անդամ, Թուր-Սարգսյանների հայտնի գերդաստանի շառավիղներից, արմատներով հաճընցի Համլետ Թուր-Սարգսյանը:

 

Ասում են` Թուր-Սարգսյանների ազգանունը ժամանակին Սարգսյան է եղել: Քաջության համար նրանք ոսկե կոթով թուր են ստացել, ու այդ օրվանից դարձել են Թուր-Սարգսյան: Այս նշանավոր գերդաստանի ժառանգներից մեկը` Համլետ Թուր-Սարգսյանը, ծնվել է 1929 թվականին Երևանում: Հայրը` Սարգիս Թուր-Սարգսյանը, բնիկ հաճընցի էր, մայրը` երևանցի: Կոտորածի ժամանակ հորն ու հորեղբորը թուրքերը գցել են Եփրատ գետը: Լողալ իմացող հայրը փրկվել է, ապաստանել մի շեյխի ընտանիքում, այնուհետև բարի դիպվածով Հալեպում գտել իր հորաքույրերին: Կյանքը նրան բերել-հասցրել է Երևան, որտեղ էլ ծանոթացել է ապագա տիկնոջ` Շուշանիկի հետ: Համլետն ընդամենը ութ ամսական էր, երբ Սարգսին աքսորեցին` որպես հակահեղափոխականի, ու նա այդպես էլ չտեսավ հաճընցի հորը:

 

Համլետ Թուր-Սարգսյանը միշտ մեծագույն հպարտությամբ է խոսել իր հաճընցիական արմատների մասին, թեև հպարտանալու բազմաթիվ առիթներ ուներ: Տարիներ առաջ նա Հոկտեմբերյանի կաթի գործարանի գլխավոր ինժեներն էր, և այնքան համեղ ու պինդ թթվասեր էր պատրաստում, որ անգամ խառնել չէր լինում, գերազանց աշխատանքն էլ գնահատվում էր շքանշաններով: Կարելի է ասել` նա հիմք դրեց  թուրսարգսյանական տեսակի թթվասերի պատրաստմանը` նոր համ ու որակ հաղորդելով հայրենական արտադրության այս կաթնամթերքին:

 

 

Համլետ Թուր-Սարգսյանն իսկական հաճընցու տեսակ էր՝ ազնիվ, բարի, աշխատասեր ու հայրենասեր: Իրեն բոլոր ճանաչողների սրտերում նա հավերժ կմնա որպես պայծառ ու լուսավոր անձնավորոթյուն: Հաճըն հայրենակցական միությունը խորապես սգում է իր պատվավոր անդամի, սիրելի ընկերոջ և ավագ եղբոր մահը՝ վշտակցելով նրա ընտանիքին ու հարազատներին:

 

«Հաճըն» հայրենակցական միություն, ատենապետ՝ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյան:

 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-ից Էրեբունի թաղամաս, Այվազովսկու 14/4 հասցեով, Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ:

 

Հուղարկավորությունը կկայանա՝ մարտի 22-ին՝ ժամը 13:00-ից՝ Երևանի քաղաքային գերեզմանոցում՝ (Թոխմախ):

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Խարկովում բացվել է Ակսել Բակունցի հուշատախտակը

Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր

Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ