Պաշտոնական - Արցախը զարգացնում է ԱՄՆ հետ համագործակցությունը տարբեր մակարդակներում

Շարունակվում է Արցախի Հանրապետության նախագահի, արտգործնախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն ԱՄՆ կոնգրեսում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ, մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին: ԱՄՆ պաշտոնյաներին հանդիպելուց զատ, Արցախի Նախագահն ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնում հանդիպումներ է ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ: Նշենք, որ ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ 37-րդ Նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից 1994 թվականին` որպես Խաղաղության և Անկախության Նիքսոնի կենտրոն: Կենտրոնի մասնագետներն իրականացնում են քաղաքական խորհրդատվություն ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ, ինչպես նաև հրատարակում են միջազգային բարձր վարկանիշ ունեցող National Interest պարբերականը:

 

ԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան, Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի  և ԱՄՆ-ում հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

ԱՄՆ Արցախի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցը և այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները հատկապես կարևորում են, եթե այն դիտարկում ենք հետևյալ երեք հարթություններում:   

 

ԱՄՆ կոնգրեսականների հետ տեղի ունեցած հանդիպումները թույլ կտան էլ ավելի ակտիվացնել, ամրապնդել և ընդլայնել Արցախի և ԱՄՆ օրենսդիր մարմնի միջև առ այսօր հաստատված կապերը, ինչը հիմք կծառայի հետագայում ևս ԱՄՆ կոնգրեսում ավելի ակտիվ  բարձրաձայնելու հայկական կողմերի շահերից բխող հարցեր և հանդես գալու տարբեր նախաձեռնություններով: Բացի այդ կոնգրեսականների հետ հաստատաված ամուր կապերը թույլ կտան որպեսզի նրանք ֆորսմաժորային իրավիճակներում հանդես գան արտաքին աշխարհի համար «առաջին զանգ հնչեցնողները»՝ ԱՄՆ կոնգրեսում և միջազգային տարբեր կազմակերպություններում, որտեղ նրանք ներկայացված են, բարձրաձայնելով Արցախին սպառնացող վտանգի մասին: Հետագայում այս ուղղությամբ կապերի հետագա ակտիվացմանը կարող է նպաստել նաև ԱՄՆ նահանգների մակարդակով (հատկապես այն նահանգները, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը) կոնգրեսականների և կուսակցությունների հետ առկա կապերի ընդլայնումը և նորերի հաստատումը:

 

Կարևոր էին նաև հայկական պատվիրակության հանդիպումներն ամերիկյան փորձագիտական, գիտական շրջանակների հետ: Այս ուղղությամբ հաստատված  ամուր գործընկերային կապերը թույլ կտան բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը հանրային մակարդակում: Կարևոր է, որ այս ուղղությամբ իրականացվող համագործակցության շրջանակներում հնարավոր լինի հասնել նրան, որ միջազգային հեղինակություն վայելող ամերիկյան վերլուծական կենտրոնները և վերլուծաբաններն իրենց աշխատանքներում ավելի հաճախ անդրադառնան Ղարաբաղյան հակամարտությանը՝ ներկայացնելով այս հարցում հայկական կողմերի շահերից բխող տեսակետներ: Էական է նաև, որ այս ուղղությամբ իրականացվող համագործակցությունը նպաստի Արցախի վերլուծական ներուժի զարգացմանը և Արցախում գիտակրթական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ստանան ավելի ակտիվ մասնակցել փոխանակման և այլ ծրագրերի:

 

Եվ վերջապես, Սփյուռքի հայկական կառույցների հետ Արցախի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները թույլ կտան հաստատել Սփյուռքի հետ ավելի ակտիվ երկխոսության մշակույթ, ինչը թույլ կտա մեծացնել Սփյուռքի ներգրավածությունն Արցախում տեղի ունեցող տարբեր գործընթացներին` ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

 

Armedia.am

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ