Մշակույթ - Մարտի 20ը՝ Երջանկության միջազգային օր

Այսօր, մարտի 19-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը և կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

 

Թեման՝ «Մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրվան ընդառաջ: Ինչ է երջանկությունը, և ինչով ու ինչպես է երջանկանում մարդը: Հոգևորի ու նյութականի դերը մեր կյանքում: Որն է երջանկության գրավականը»:

 

Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի խոսքով՝ ինչ է երջանկությունը: Դա մարդու հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Այլ հարց է, թե ինչպես պետք է մարդու և՛ մարմինը, և՛ հոգին ներդաշնակ լինեն: Ադամի և Եվայի ավանդապատումը ևս մեկ անգամ վկայում է, որ Աստված տվել էր նրանց ամեն անհրաժեշտը, սակայն նրանք չգնահատեցին Աստծո շնորհը: Ըստ Տեր Հովսեփի, ամբողջ մարդկությունը մինչև այսօր էլ կրում է Դրախտից վտարվելու հետևանքները և  ցանկանում է երջանիկ լինել, ուղղակի ամեն մարդ իր երջանկությունը յուրովի է պատկերացնում, մեկի համար դա ամուր ընտանիքն է, մյուսի համար՝ հասարակության մեջ դիրքն ու ընդունվածությունը, երրորդի համար՝ նյութական բարօրությունը և այլն: Ըստ բանախոսի՝ 21-րդ դարի մարդը ավելի երջանիկ չէ, քան 18-րդ դարի մարդը, քանզի տեխնոլոգիական առաջընթացը նվազեցրել է մարդու բարոյական կերպարը, արժեհամակարգը:

 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով էլ՝ երջանկությունը որպես հոգեբանական կոնցեպտ կապ չունի ոչ սոցիալական վիճակի, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Երջանկության մակարդակով ամենաբարձր երկրները Սկանդինավյան երկրներն են, սակայն որպես դեպրեսիվ ևս առաջին տեղում դրանք են:

 

Հոգեբանի կարծիքով՝ երջանկությունը ներքին հոգեվիճակ է, մարդը կարող է երջանիկ լինել միայնակ ապրելով սարի գագաթին, ամենասուղ պայմաններում, կտրված լինելով սոցիալական աշխարհից ու բարվոքություններից, իսկ կարող է ունենալ հսկայական կարողություն, բայց չլինել երջանիկ:

 

Հայաստանը ի՞նչ տեղ ունի երջակության չափորոշիչների որոշման սանդղակում հարցին ի պատասխան բանախոսը ասաց, որ երջանկությունը ստատիկ վիճակ չէ, այն ընթացքային է, հացին ձգտող ու հացին հասնող, այդ բերկրանքն ապրող մարդը շատ ավելի երջանիկ է, քան սոցիալապես բարձր խավի ներկայացուցիչը, ինքը բանախոսը կարծում է, որ երջանկության սանդղակում Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականում է, քան ասում են, այն է՝ 128-րդ տեղից բարձր, այսինքն՝ մենք հաստատ Ֆինլանդիայից երջանիկ ենք:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ