Տարածաշրջան - Բաքուն փորձում է աստիճանաբար հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը. Լ. Բրոերս

Ադրբեջանն իրեն համարում է մի երկիր, որի օգտին է խոսում միջազգային իրավունքը՝ այդ թվում ՄԱԿ-ի բանաձևերից նրանք, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքի և տարածքները բռնի կերպով փոխելու անթույլատրելիության մասին. Երևանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովին այսպես ասաց Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսը:

 

Նա, այնուամենայնիվ, նկատեց, որ իրականում Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան հստակ աջակցություն չի ստացել միջազգային հանրության կողմից, որքան Մոլդովայի կամ Ուկրաինայի դեպքում է:

 

«Դա մի քանի հետևանք է ունեցել՝ նախ աղավաղել է այն մոտեցումները, որ տարբեր են մոտեցումները տարբեր հակամարտությունների վերաբերյալ:

 

Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել խավիարային դիվանագիտության մեջ և ամրապնդել այն դիրքորոշումը, որ ռազմական մոտեցման դեպքում միջազգային հետևանքները մեծ չեն լինի»,-ասաց նա:

 

Նրա դիտարկմամբ, իհարկե, ադրբեջանցիները գիտեն, որ համանախագահող երկրներում հայկական մեծ սփյուռք կա, բայց նրանց համար հիմնական խնդիրը «առաջընթաց կամ հետաձգում» երկընտրանքն է:

 

«Բաքվի տեսակետից՝ եթե թույլ տան, որ Մինսկի գործընթացը շարունակվի, հասնի իր տրամաբանական ավարտին, ապա արդյունքը կլինի վավերացված անջատումը: Ուստի քայլ առ քայլ մոտեցումներ ձեռնարկելով՝ իրենք փորձում են մասնատել և աստիճանաբար հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,- ասաց նա:

 

Ըստ Chatham House-ի գիտաշխատողի՝ Բաքվի տեսակետից Հայաստանի վերահսկողությունը մեծանում է Արցախի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասության վերականգնումը «ներկայիս ադրբեջանական ինքնության հիմնարար առաքելությունն է», մինչդեռ Ադրբեջանի վերնախավի կողմից էթնիկ ազգայնականությունն օգտագործվում է լեգիտիմության հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար:

 

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ