Մշակույթ - «Ես շատ զայրացած էի, և եթե համույթիս անդամները չլինեին, գուցե չկարողանայի ինձ զսպել». Գագիկ Գինոսյանը Իտալիայում կայացած փառատոնի կեղծիքների մասին

Այսօր, մարտի 16-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, Համույթի երգուսույց, խմբավար Լուսինե Ազարյանը, երաժշտական մասի ղեկավար Վաչե Փաշինյանը:

 

Թեման՝ «Կարինը» վերադարձել է Իտալիայի Ագրիջենտո քաղաքից, որտեղ մարտի 3-11-ն անցկացված Mandorlo in Fiore 73-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրել է UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված «Սասնա ծռեր» էպոսը և Քոչարի ռազմապարը: Մեր հաղթանակը, փառատոնի նպատակը, դերը ազգային մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում և արդյունքները»:

 

«Թեև նախօրոք ամեն բան գնված, բեմադրված էր, որպեսզի Վրաստանը հաղթի, բայց հանդիսատեսի ընդունումը կեղծելն անհնար էր, մենք հաղթել ենք այդ տեսանկյունից, ոչինչ, որ երրորդ տեղն ենք զբաղեցրել կեղծված արդյունքներով»,- այսպես ասաց համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ բնութագրելով փառատոնին տիրած անարդարությունը: 

 

Բանն այն է, որ իրենք վերադարձել են երրորդ մրցանակով, սակայն բոլոր պարտվածները, ավելի ճիշտ չհաղթածները ենթադրում են, որ մրցույթը արդար չէր: Պարզաբանելով, թե ինչու, Գ. Գինոսյանն ասաց, որ առաջին մրցանակը վրացական Աջարիայի պետական պարի խմբին շնորհվեց, այն դեպքում, որ նրանց մասնակցությունը արդեն կոպիտ խախտում էր, քանզի նման մրցույթներում միայն էթնիկ խմբեր կարող են մասնակցել, ոչ թե պետական պարի համույթներ: Երկրորդը, որ նույն UNESCO ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաձայն երգեցողությունը, որը նաև իրենց ցուցանակի վրա էր, ընդհանրապես բացակայում էր նրանց ելույթում, վրացական խումբը միայն պարել է, երրորդը՝ փակման արարողության ժամանակ մասնակից բոլոր խմբերին ստիպեցին իրենց ելույթները կրճատել՝ դարձնելով 3 րոպե տևողության, այնինչ, վրացական խումբը, որ Կարինից երկու ելույթ առաջ էր, միանգամից հայտնվեց վերջինը և պարեց 7 րոպեից ավելի:

 

Ըստ բանախոսի, իրենք բողոքել են ժյուրիին, կազմակերպիչներին, որ ակնհայտ խախտում է այս ամենը, արդյունքում կազմակերպիչները 5 հոգով եկել էին համույթի հանգրվանած հյուրանոց՝ ներողություն խնդրելու, սիրտ շահելու, բայց արդյունքները մնացին անփոփոխ: «Ես շատ զայրացած էի, և եթե  գործընկերներս ինձ չզսպեին, շատ ավելի վատ կարծիքներ կասեի, կոպիտ կխոսեի, իրականում մեզ ասում էին, որ մենք ամենապրոֆեսիոնալն էինք, ամենաարդարը, բայց խումբը, որը մասնակիցներից ոչ ոքի նկատմամբ ոչ մի հարգալից վերաբերմունք չունեցավ, ճանաչվեց հաղթող»,- ասաց Գինոսյանը:

 

Համույթի երգուսույց Լուսինե Ազարյանի խոսքով, որպես այդպիսին, նրանք արդեն իսկ հաղթանակած են վերադարձել, որովհետև այն ջերմությոունը, այն ընդունումը, որը կար ելույթից հետո, այն բացականչությունները՝ Բրավո Արմենիա, ոչ մի կեղծ արդյունքով չես ստեղծի: Լուսինեի խոսքով՝ կարևորը, որ աշխարհը ևս մեկ անգամ իմացավ, թե ինչ բան է Հայաստանը, ծանոթացավ հայ մշակույթին, պարին, և եթե ամենասկզբում Արմենիա լսելով հասկանում էին Ալբանիա, Ալեմանիա, այսինքն՝ Գերմանիա, ապա ավարտին արդեն բոլորը գիտեին՝ ինչ է Հայաստանը, ինչ մշակույթ ունի:

 

Համույթի երաժշտական մասի ղեկավար Վաչե Փաշինյանը այն կարծիքին է, որ առանց որևէ բան կեղծելու Հայաստանը կարողացավ ոչ միայն փայլուն ելույթ ունենալ, այլև նույնիսկ այդ կեղծարարության պարագայում տեղ գրավել, դա արդեն շատ մեծ հաղթանակ է: Բանախոսի խոսքով բոլորը գիտեն, որ երեք ամսվա աշխատանքը, որը պետք էտևի 20 րոպե, չի լինի ներկայացնել 3 րոպեում, սակայն համույթը, կռիվ տալով կարողացավ ամեն բան անել՝ իրենից սպասելին: Ըստ նրա՝ ինտերնետային քվեարկություններին ստուգելիս հաղթող Վրաստանը անգամ հնգյակի մեջ չէր: Գուցե այս ամենը չլիներ, եթե մի փոքր լուրջ պետականորեն մեր երկրի իշխող օղակը վերաբերվեր համույթի հովանովորչությանը: Վաչեն խնդրում էր մեր մշակույթի նախարարությանը՝ լուրջ վերաբերվել մեր մշակույթին, քանզի մեր կռիվը միայն զենքով չէ: Ըստ բանախոսի՝ իրենք վերադարձել են պարտքերով՝ որոնք 1 մլն դրամից ավելի են:

 

Tesaket.info-ի հարցին, իսկ ասացիք, ժյուրիին բարձրաձայնել եք խախտումների, կեղծիքի մասին և չեն առարկել, սակայն չառարկել և արդյունքները չփոխել, դրանք տարբեր բաներ են, արդյոք հնարավոր չէր մի բան անել, Գագիկ Գինոսյանն ասաց, որ գուցե հնարավոր չէր, որովհետև փառատոնը հեռարձակվում էր ուղիղ եթերով, ուղիղ եթերով հայտարարբվել էր հաղթողը, և շատ այլ նրբություններ կային, բայց դա կարևոր էլ չէ, օտար հանդիսատեսի կարծիքները ավելի կարևոր էին, իսկ հանդիսատեսը շատ տպավորված էր, մոտենում էին, իրենց հուզմունքը հայտնում, երախտագիտությունը:

 

Tesaket-ի մյուս հարցին, իսկ այսպիսի կեղծիքները չեն խարխլում համույթի անդամների ոգին, չեն հուսալքում, գուցե սա պատճառ լինի այլևս չմասնակցելու նման միջազգային նախագծերի, Գագիկ Գինոսյանն ասաց, որ ինքը մի նշանաբան ունի, այն է, հաղթանակներից բոլորը կարող են ուժեղանալ, իսկ պարտություններից ուժեղանում են միայն զորեղները: 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ