Հասարակություն - Պետության ղեկավարը մեղավոր չէ՞, որ իր պետության շրջանակներում իր քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն

Այսօր, մարտի 14-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

 

Թեման՝ «Մարտի 15-ին՝ Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ: Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները և խոցելի բնագավառները: Ինչպես իրականացնել սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում: Արտադրող-սպառող հարաբերությունները և սպասարկման մշակույթը»:

 

Ահա օրվան ընդառաջ բանախոսը ցավով փաստեց, որ Հայաստանում սպառողների իրավունքները ոչ մի ոլորտում պաշտպանված չեն:

 

«Մարտի 15-ին սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային օրն է: Սակայն հարց է առաջանում, արդյոք այդ օրը կարող ենք նշել մի երկրում, որտեղ սպառողների իրավունքների պաշտպանությունը ընդհանրապես երաշխավորված չէ»,- ասաց նա:

 

Ըստ բանախոսի, իրենց կազմակերպությունը մի շարք հետազոտություններ է իրականացրել, ըստ որոնց ինքը Աթոյանը վստահ կարող է ասել, որ ցանկացած իրավիճակում հայ սպառողի իրավունքները ենթարկվում են ոտնահարման:

 

Նախ ինչ է նշանակում սպառող: Մեր ազգաբնակչության մոտ տպավորություն է, որ սպառողը միայն սնունդ ձեռք բերողն է: Սակայն դա այդպես չէ: Սպառողը ցանկացած տեսակի ապրանքներ գնողն է, տարբեր կազմակերպությունների, իրավապահ օրգանների ծառայություններից և աշխատանքներից օգտվողը: Եթե ոստիկանը ճանապարհին կանգնեցրել է մեքենայի վարորդին և փաստաթղթային զննության է ենթարկում, այս պարագայում քաղաքացին ևս սպառող է: Ըստ բանախոսի՝ խայտառակ իրավիճակ է վարչաիրավական հարաբերությունների ծագող գործերի վարույթում՝ որպես սպառողների իրավունքների խախտման դեպքեր: Օրինակ, անձը բաց է թողել վարչական բողոք ներկայացնելու ժամկետը, օրենքով նախատեսված կարգով միջնորդություն է կատարում, որ իր բաց թողնված ժամկետը համարվի հարգելի, սակայն նրա ժամկետի բացթողումը հաշվարկում են ոչ թե իրական բաց թողնելու պահից սկսած, այլ այն պահից, երբ վերջանում է բողոքարկման երկամսյա ժամկետը: Այսինքն՝ հանգիստ ձևով, առանց վատ զգալու, վարչական դատարանը վերցրել և ժամկետը նշել է այն, որը իրեն ձեռնտու է, որպեսզի գործը չգնա նոր վարույթ:

 

Բանախոսի խոսքով՝ նույն աղետալի վիճակն է, եթե ոչ ավելի ծանր ու վատ, նաև Երևանի քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող սպառողների իրավունքների ոտնահարման դեպքում: «Ցավակցում եմ այն սպառողներին, ովքեր գործ ունեն քաղաքապետարանի հետ: Բառիս բուն իմաստով այնտեղ բացահայտորեն խախտում են վարչական վարույթի ընթացքում գործի վերաբերյալ կատարված քննության կարգը: Ամեն մի գործով 4-5 հոդվածներ ճմռթվում և շպրտվում են աղբարկղը»,- ասաց բանախոսը:

 

Ըստ Աթոյանի՝ ծանր վիճակ է այդ առումով նաև ԴԱՀԿ-ում: Օրինակ, կալանք է դրվում անհատ ձեռնարկատիրոջ միակ տրանսպորտային միջոցի վրա, որը նրա տնտեսական գործունեությունը սպասարկող միջոց է հանդիսանում, ավելին, հայտարարվում է հետախուզում տվյալ տրանսպորտային միջոցի համար: Ըստ բանախոսի՝ սա հիշեցնում է «Տերն ու ծառան» պատմվածքը, որտեղ տերն ասում է՝«Գնա մի գառ մորթի», ծառան հարցնում է՝ «Որը մորթեմ», ասում է՝ «Որը կպատահի»: Այսպես օրինակ, ԴԱՀԿ-ն 100 հազարի համար նախ այդ գումարի չափով տնտեսվարողի դրամական միջոցները սառեցնում է, հետո էլ արգելանք դնում տրանսպորտային միջոցի վրա: Բանախոսը հարցնում է՝ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը շահագրգռված, որ պարտապանի բոլոր տեսակի գույքի վրա արգելանք դրվի, որովհետև ամեն մի արգելանք դրված գույքի վրայից այդ արգելանքը հանելու ծառայությունը դառնում է ապրանք՝ ենթակա վաճառքի: Ըստ բանախոսի՝ այս ամենը կոռուպցիոն նորանոր ռիսկեր է ծնում: Բանախոսը հարցնում է՝ այսպես ենք պայքարում կոռուպցիայի դե՞մ:

 

Խոսելով սակայն պետության և պետության ղեկավարների դերից և մեղավորությունից այդ ամենում, բանախոսը ասաց, որ շատերը մեղադրում են երկրի նախագահին, սակայն եթե երկրի նախագահը միայնակ է, նրան օգնող օղակները միայն նպաստում են, որպեսզի ժողովուրդը հիասթափվի և լքի երկիրը, փաստացի այդ օղակները իրենց ներկայացուցիչներով դավաճանում են երկրի նախագահին, ինչպե՞ս պետք է նա կարողանա մենակ լինելով կյանքի կոչել իր բոլոր հայրենանվեր ծրագրերը:

 

Հ.Գ. Ստացվում է, որ ըստ բանախոսի, մեր հարգարժան գործող նախագահ Ս. Սարգսյանը մեղքի բաժին չունի՞, որ իր ազգը իր հայրենիքից հուսալքված, չլինելով գնահատված, կամ ունենալով համապատասխան կրթություն, սակայն իր աշխատանքի դիմաց իր մասնագիտությամբ վարձատրվելով կոպեկներով, չպե՞տք է փորձի իր գլխի ճարը տեսնել օտար-ամայի ճամփեքում: Չեմ կիսի բանախոսի կարծիքը, ժողովուրդը չի ցանկացել հիասթափվել, նրան ստիպել են հիասթափվել: Իսկ ո՞վ, եթե ոչ երկրի նախագահը կարող էր և ուներ այդ ժամանակը, լինելով 8 տարուց ավել նախագահի աթոռին, փոքր-ինչ ուղղել իրավիճակը, որպեսզի 2040 թվականին գոնե իր նշած թվի կեսին մոտ լինենք ազգաբնակչության թվով:    

 

Կրկյաշարյան Անուշ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ