Մշակույթ - Վարկա՞ծ, թե՞ բացահայտում. Չարենցի գերեզմանը տեղը մոտավոր հայտնի է

«Մահեր կան, որոնք ազգի համար անմոռաց են, նրանք զարկված արժանապատվության նման անվերջ ծխում են դարերի խորքերում՝ ճշմարտությունը որոնելու ակնկալիքով: Այդպիսի կորուստ է մեր հանճարի՝ Եղիշե Չարենցի հետ կապված առեղծվածը, նույնը կրկնվեց ինձ հետ նաև Խաչատուր Աբովյանի մասին՝ Մարիետա Շահինյանի հիշողություններն ընթերցելիս», - երեկ՝ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի ծննդյան օրը, գրել է հրապարակախոս, գրող ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հավելել. «Թե ինչու մեր տաղանդավորների գերեզմանները անհայտության մեջ են թողնում, կասեմ միայն հետևյալը՝ մեր ներքին և արտաքին թշնամին, որը նույն անձն է տարբեր մարմիններում, ողջ թե մեռած, վախենում է անգամ նրանց շիրիմի զորությունից, այն էներգիայից, որը ժողովրդին տանում է ազգային համախմբման»:

 

Մտավորականն այս նախաբանից հետո՝ ուշագրավ վարկած է առաջ քաշում՝ պատմելով, որ տասը տարի առաջ հրավիրված է եղել մի միջոցառման, որտեղ էլ ներկաներից մեկը իր գրող լինելու մասին իմանալով, մի պահ լրջացել ու քիչ անց, ներկաներից թույլտվություն խնդրելով, իրեն դուրս է հրավիրել. 

 

«Նա ինձ մանրամասն պատմեց Չարենցի գնդակահարության ու թաղման վայրի մասին: Ես շատ էի լսել նման պատմություններ, այս մեկը բոլորովին այլ էր: Հիշյալ անձնավորության բարեկամը աշխատել է բերդում: Վաղ առավոտյան ժամը 5-ի մոտերքը նրան կանչում և հրահանգում են, որ բակում կանգնած հացի մեքենան պետք է Հրազդան տանի: Հրազդանն անցնում են և դեպի Չարենցավան գնացող ճանապարհին կարգադրում են կանգնել, չնայած իրենց բոլորի աչքերը կապում են, բայց Չարենցի ձայնն ու խոսելաոճը նա փակ աչքերով էլ զգացել է: Հենց այդտեղ էլ, ըստ պատմիչի՝ թաղված է Չարենցը: Մոտավոր տեղն ինձ հայտնի է, բայց արդյոք գիշերը չէին տեղափոխել արդեն մեռած Չարենցի դին…»:

 

Ռ. Ասատրյանը նաև նշում է, որ ցավոք սրտի, երկու վկաներն էլ չկան արդեն ու հարց է հղում. «Մի՞թե չի լինելու այն մեկը, որ հետևողականորեն արտաշիրիմում անի և նրա ԴՆԹ-ի միջոցով գտնի մեծ պոետի օրհնյալ մասունքները, քանի դեռ ժառանգները մեր կողքին են»:

 

Iravunk.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ