Մամուլ - «Ժամանակ». Հայաստանը պատերազմ չի հայտարարի ԱՄՆ-ին

«Երեկ խորհրդարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ նիստի ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, ԵՏՄ շրջանակներում ապրանքաշրջանառության մեծացման, ներդրումների խրախուսման, Վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհների բացման անhրաժեշտության և նման այլ հարցեր: Թե ինչ գաղտնի բան կա օրակարգում կամ հնչած ելույթներում, առաջին հայացքից, դժվար է հասկանալ:

 

Բայց պարզվում է, որ նիստը իսկապես իմաստ ուներ անցկացնել գաղտնիության պայմաններում: Չգիտես` ինչ պատճառներով, նիստը սկսվել է խորհրդարանի 334 դահլիճում, իսկ հետո տեղափոխվել Ոսկեզօծ դահլիճ:

 
 

Ըստ հայ պատգամավորների` ռուսաստանցի հյուրերը բողոքել են, որ իրար մեջքով նստելը այնքան էլ հարմար չէ և ուզում են, որ կլոր սեղան լինի, որպեսզի բոլորը տեսնեն բոլորին, պարզ կարողանան զգալ ընդհանուր տրամադրությունը: Ընդունող կողմն էլ անմիջապես բավարարել է նրանց ցանկությունը:

 

 

Նիստի մասնակից մեր զրուցակիցները պնդում են, որ նիստի ընթացքում ռուսական կողմն անընդհատ կարևորել է արտաքին քաղաքականության հարցերում միասնական դիրքորոշման որդեգրման անհրաժեշտությունը: Պարզ ասած` ինչ դիրքորոշում, որ ունի Ռուսաստանը, Հայաստանը պետք է մեխանիկորեն հետևի դրան: Իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում այսօր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ մեծանում է հակաամերիկյան հիստերիան: Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը դրան հակադրում է հակաամերիկանիզմը: Ռուս պատգամավորների ասածն այն է եղել, որ ԱՄՆ-ի դեմ մենք պետք է հանդես գանք մեկ ընդհանուր և միասնական ճակատով:

 

Ռուսաստանցի պատգամավորների տրամաբանությունը հետևյալն է. եթե Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանի թշնամին է, ապա պետք է, որ Հայաստանը ևս ԱՄՆ-ին վերաբերվի որպես թշնամի երկրի:

 

Նիստի մասնակից հայ պատգամավորներից որոշները ձայնակցել են ռուս կոլեգաներին, որոշներն էլ ուղղակի չեն հակադարձել նրանց, չցանկանալով փչացնել հայ-ռուսական դարավոր բարեկամության ընդհանուր ֆոնը:

 

Մինչդեռ, հայ պատգամավորներն արդեն մասնավոր զրույցների ժամանակ բողոքում էին, թե ինչու այդ նույն Ռուսաստանը չի առաջնորդվում նույն դաշնակցային սկզբունքով, և ոչ միայն՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին չի համարում իրեն թշնամի երկիր, այլ ճանաչում է ռազմավարական գործընկեր և զինում է ամենաժամանակակից զինատեսակներով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ