Մշակույթ - Մարտի 13-ին մեծն բանաստեղծ Չարենցի ծննդյան օրն է

Այսօր, մարտի 12-ին, ժամը 12.00-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր գրականագետ Դավիթ Գասպարյանը:

 

Թեման՝ «Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրվան ընդառաջ: Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց». իրական արժեքներ: Նոր բացահայտումներ՝ կապված Չարենցի անտիպ գործերի հետ»:

 

Մարտի 13-ին լրանում է մեծն բանաստեղծ Եղիշե Չարենցի 121 ամյակը: 2017 թվականի վերջին գրականագետ Դավիթ Գասպարյանը հրատարակել է «Գիրք մնացորդաց»-ը, որտեղ զետեղված են բանաստեղծի թողած ժառանգության գոհարները, նրա դաժան կյանքից փաստեր:

 

Ըստ բանախոսի՝ Եղիշե Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են: Դավիթ Գասպարյանը պատմեց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին, երբ հողի տակից հանվեց Ռեգինա Ղազարյանի պահածը, որի 25 տոկոսը քայքայված էր, թուղթն էլ ածխացած, եղածը սխալներով փորձեցին վերականգնել: «Մեր «խելքոները» որոշեցին թուղթն ամրացնել լուծույթներով, որի արդյուքնում թանաքը լուծվեց թղթի մեջ, իսկ էջը դարձավ անընթեռնելի: Եվ այսպես փորձանքը փորձանքի վրա եկավ»:

 

Գրականագետի կարծիքով՝ Եղիշե Չարենցը վերջին տարիների հասարակությանը ներկայացավ իր ստեղծագործության փակ էջերով, քանի որ շատ փակ էջեր են բացվել: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում անտիկների 3 գիրք է տպագրվել, իսկ մինչ այս 6 հատորյակ կար Չարենցի, 1983 թվականին հրապարակվեց Եղիշե Չարենցի «Անտիկ և չհավաքված երկեր» ժողովածուն, 1996 թ.-ին տպագրվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիկ վավերագրություն և այլն: «Անցյալ տարի վերջնականապես լույս տեսավ իմ՝ Չարենցի անտիպ ժառանգությունը՝ «Գիրք մնացորդաց»-ը, որն իր հետ բերում է միայն նորություն: Այստեղ զետեղծված են միայն նոր ստեղծագործություններ՝ պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, կենսագրական էջեր, վավարեգրեր, տարբեր բնույթի փաստաթղթեր և այլն: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ո՞ւմ է պետք անտիկ ժառանգությունը, բայց այդ մարդիկ մոլորյալներ են»,- ընդգծեց գրականագետը:  

 

Ըստ բանախոսի՝ միայն այդ փաստաթղթերի շնորհիվ ենք իմանում, որ այն տունը, որը Կարսում մեզ ցույց են տալիս, որպես Չարենցի տուն, սխալ է, նա իր ստեղծագործություններում գրել է, որ՝ Իջնում էինք Կարս գետի ափը, իսկ իջնել կարելի է դիմացի սարից, այինչ մեզ ցույց են տալիս գետի հարթ շրջակա ափը:

 

Գրականագետի խոսքով՝ նաև բացահայտվում են նրա ձերբակալման մանրամասները, և ոչ միայն նրա, այլև նրա տիկնոջ, ով դիմում –նամակ է ուղղում Միկոյանին, որ ամուսնուն ազատեն, սակայն իրեն էլ են ձերբակալում որպես Խորհրդային իշխանության թշնամու կին, ով իմացել է ամեն բան և չի հանձնել իր ամուսնուն համապատասխան մարմիններին:

 

Ի գիտություն ասնեք, որ 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին, իսկ 41-ին դեռ 4 ամիս կար։

 

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այու քարքարուտների մեջ։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությանը և նաև դրանից հետո։ Մարգարեանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, ինքն էր գրել․

 

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ