Մամուլ - «Առավոտ». Առանց առիթի ողբալը ռաբիսության գագաթնակետն է. Մովսես Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ես հայկական սերիալներ չեմ նայում և, հետևաբար, Դիանա Գրիգորյանի սցենարներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ նա ոչ Շեքսպիրն է, ոչ էլ Բեռնարդ Շոուն: Բայց հաստատ կան հազարավոր մարդիկ, որոնք նրա սցենարով նկարահանված սերիալները նայում և հավանում են: Ամբողջ աշխարհում սերիալները, որպես կանոն, զուտ կոմերցիոն նախագծեր են, տևում են ճիշտ այնքան, որքան ունեն սպառող:

 

Հետևաբար, եթե որևէ հեռուստաընկերություն սցենար գրելու համար վարձում է Դիանային, Պողոսին կամ Ջոնին, ապա ակնկալում է, որ նրանց գրած սյուժեները սպառող կունենան: Ի դեպ, Դիանան Հայաստանում «սերիալային» միակ սցենարիստը չէ՝ կան ևս տասնյակ մարդիկ, որոնք զբաղվում են նույն գործով: Բայց այդ մարդկանց անունները հասարակությանը հայտնի չեն՝ հավանաբար այն պատճառով, որ նրանք բարձրաշխարհիկ կյանք չեն վարում և ֆեյսբուքում թունոտ մեկնաբանությունների չեն արժանանում:

 

Ենթադրում եմ նաև, որ հայկական սերիալներն իրենց որակով զիջում են, ասենք, Netflix-ի արտադրությանը, և դա բնական է՝ տարբեր են լսարանի մասշտաբները, համեմատելի չէ Հայաստանի և զարգացած երկրների տնտեսության և, որպես հետևանք, գովազդային շուկաների վիճակը: (Ճիշտ նույն պատճառով «Առավոտը» երբեք «Նյու Յորք թայմզ» չի դառնա, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում չպիտի թերթեր լույս տեսնեն: Մենք այն ենք, ինչ կանք, և պետք է աշխատենք մեզ տրված հնարավորությունների սահմաններում): Պատկերավոր ասած՝ Netflix-ի սցենարիստներն աշխատում են «Մերսեդես» ֆիրմայում, իսկ Դիանան և այդ արտադրամասի մյուս հայաստանյան արհեստավորները՝ «Երազ» գործարանում: Արժե՞ արդյոք նրանց պետական պարգևներ տալ: Թերևս, ոչ, որովհետև խոսքը զուտ կոմերցիոն հոսքագծի մի օղակում աշխատող մարդկանց մասին է: Բայց ինձ համար ավելի կարևոր է այն ձևը, այն հնչերանգը, որով խոսվում է այս խնդրի մասին: Եթե մարդիկ պայքարում են անճաշակության և ռաբիսի դեմ, ապա, կարծում եմ, իրենք չպետք է լինեն անճաշակ և ռաբիս՝ սկսած տարրական բաներից, օրինակ՝ չօգտագործեն կնոջ հասցեին գռեհիկ արտահայտություններ: Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ «չլինել ռաբիս»: Իմ կարծիքով՝ նշանակում է չլինել մանրախնդիր, չփորձել ինքնահաստատվել՝ ուրիշին ցավ պատճառելով, լինել ներողամիտ և լայնախոհ: Իսկ ամենակարևորը՝ ամեն մի դատարկ պատճառով դարդերի մեջ չընկնել, առավել ևս՝ համազգային ողբ չկապել: Առանց առիթի ողբալը, իմ կարծիքով, ռաբիսության գագաթնակետն է: Մովսես Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին: Նա ողբում էր իր ժամանակի հասարակության բարքերի անկման առթիվ, ոչ թե այն պատճառով, որ թագավորը պարգևատրել է գուսաններից մեկին»:  

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ