Մամուլ - «Առավոտ». Ինչպես են մարդկանց գազան դարձնում

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ:

 

Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբեւէ չհանդիպած երեւույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ:

 

Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ եւ նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների եւ սլավոնների հանդեպ:

Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները եւ պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջեւան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով:

 

Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետեւյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ եւ ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խելքին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից: Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ