Քաղաքական - Թող ոչ մի մայր այլևս չտեսնի զավակի կորուստ թշնամու գնդակից. Հայ հասարակության կին առաջնորդների շնորհավորանքը հայ կանանց

Այսօր, մարտի 8-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը և հոգեբան Կարինե Նալչաջյանը:

 

Թեման՝ «Կանանց միամսյակ: Հայ կնոջ դերը հասարակության մեջ: Ընտանիք և աշխատանք: Կանանց հորդորն ու պատգամը»:

 

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի խոսքով կոնկրետ այս տոնը ստեղծվել է կանանց կողմից՝ իրենց պայքարի շնորհիվ և միջոցով: Սա ցույց է տալիս, որ կինը միշտ պայքարել է իր իրավունքների համար, հանրության մեջ իր դերը պահպանելու համար: 100 տարի անց, ըստ բանախոսի, մենք էլի պայքարելու տեղ ունենք: Այսօր Հայաստանում աշխատավոր, ստեղծագործող կինը շատ դժվար գործ է անում, որովհետև այսօր հանգստի օր է, ստանում ենք շնորհավորանքներ, իսկ վաղը վերադառնալու ենք դարձյալ մեր առօրյա հոգսերին: Ըստ բանախոսի՝ կինը զգացմունքային էակ է, որը տեսնում է այն բոլոր խոչընդոտները, ինչի առջև կանգնած են այլ հայ կանայք ևս, նա չի կարող աչքերը փակել այդ ամենի վրա: Այսօր հայ աշխատավոր կինը մի քանի գործառույթ իրականացնող է միաժամանակ, և՛ տան օջախի պահապան, և՛ տան հաց վաստակող ամուսնուն հավասար, և՛ մայր, կրթող իր երեխաներին: Եվ այսօրվա հայ կինը պետք է այդ ամենի հետ լինի նաև հոգեբան, որպեսզի կարողանա ճիշտ ու դրական շփման եզրեր գտնել և՛ ամուսնու, և՛ երեխաների, և՛ ընտանիքի այլ անդամների հետ: Ցանկացած կին պետք է լինի ուսուցչուհի և ընկեր միաժամանակ:  

 

«Ես մարտի դաշտ դուրս գալուց առաջ էլ ինձ կարքի էի բերում, շպարվում, որ եթե թշնամու գնդակը ինձ խոցի, գեղեցիկ լինեմ մահվան ճիրանում»,- այսպես է հիշում իր՝ պատերազմական անցյալը «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Նա, շնորհավորելով մեր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, շնորհավորելով նաև կին ազատամարտիկներին, մաղթեց որ ոչ մի մայր իր զավակի կորուստ չտեսնի, որ հայ երկինքը խաղաղ լինի, որ յուրաքանչյուր զինվոր անխոչընդոտ ծառայի և գա հասնի իր ծնողներին, ողջ ու առողջ:

 

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, ՀՀ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի» վարիչ Կարինե Դանիելյանը ասաց, որ ինքը, որպես կին, երբեք չի զգացել, որ այդ փաստը կարող է կամ խոչընդոտել է Հայաստանում իր գործունեությանը: Այսինքն՝ սեռական խտրականության դեպքերի ինքը իր հանդեպ չի հանդիպել: Սակայն այսօր, մեր երկրում կա մեկ այլ ահագնացող վտանգ, արտագաղթը, արտերկրում աշխատանքը, որի պատճառով այսօր ամբողջ հավասարակշռությունը կին-տղամարդ փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, տղաները արտագնա աշխատանքի համար լքում են երկիրը, ընտանիքը, այլազգի կանաց հետ են ամուսնանում հաճախ, եղած ընտանիքներն են քանդում, ինչը շատ լուրջ միջոցառումների ձեռնարկման կարիք ունի պետական մակարդակով:

 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը իր հերթին շնորհավորելով հայ կանաց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ասաց, որ Պլատոոնը մի երկխոսություն ունի, որ կոչվում է՝ Խնջույք: Փիլիսոփաները տարբեր հարցերի շուրջ բանավիճում են, զրուցում, և մի երիտասարդ փիլիսոփա նման պատմություն է անում, թե սկզբնապես, երբ մարդիկ առաջացան երկրագնդի վրա, կանայք և տղամարդիկ միավորված էին, գնդաձև արարածներ էին, սակայն նրանք այնքան հզոր էին, որ Զևսը վախեցավ, ու հանձնարարեց Ապպոլոնին, որ թրով կիսի: Այդ օրվանից կանայք և տղամարդիկ փնտրում են իրենց կեսերին, և կամ գտնում են, կամ չեն գտնում: Ըստ հոգեբանի՝ կանանց և տղամարդկանց հոգեբանական նմանությունները, իհարկե շատ են, բայց տարբերությունները ավելի աչքի զարնող են: Հոգեբանական տարբերություններից օրինակ կին առաջնորդը էապես տարբերվում է տղամարդ առաջնորդից: Կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են: Իսկ տղամարդը միտված է միմիայն իր հաղթանակի վրա: Մենք ասում ենք, որ տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք ավելի թույլ, բայց ինքնագնահատականի տեսանկյունից՝ տղամարդու ինքնագնահատականը շատ ավելի է կախված կնոջ տված գնահատականից, քան կնոջ ինքնագնահատականը՝ տղամարդու: Ըստ բանախոսի՝ կնոջ խոսքը ավելի է գոտեպնդում տղամարդուն, այդ խոսքը կարող է դարձնել նրան թագավոր, կարող է և իջեցնել անդունդի հատակը:

 

Անդրադառնալով հայ կանանց, հոգեբանը մաղթեց, որ այն մայրերը, որոնք իրենց զավակներին սպասում են հոգու թրթիռով ծառայությունից, հասնեն իրենց զավակների հետ վերադառնալուն, որ ոչ մի մայր չզգա զավակի կորուստ: Հոգեբանը մաղթեց նաև, որպեսզի հայ կինը հարգված լինի իր ընտանիքում, շրջապատում, հասարակությունում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ