Հասարակություն - Մարտի 16-ին կլրանա «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին

Մարտի 16-ին կլրանա «Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին։ Այդ կապակցությամբ «Հիմնադիր խորհրդարանը», «Հանուն Հայաստան պետության» ճակատը այդ օրը կազմակերպելու են մի քանի միջոցառումներ։

 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 10-ին կայանալիք հավաքի ժամանակ Արթուր Սարգսյանը ևս կհիշվի, ապա ավելացրեց, որ մարտի 16-ին այլ միջոցառումներ էլ են նախատեսված, սակայն չի ցանկանում մանրամասնել։

 

«Վստահ եմ, որ գիտեք՝ որոշ ժամանակ առաջ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Արթուր Սարգսյանի հուշարձանի ծրագիր էր ներկայացրել, ասեմ, որ այդ նախագիծը առաջիկա օրերին կներկայացվի հանրությանը, նաև՝ մասնագիտական քննարկման, բնականաբար ամսի 16-ին Արթուրի գերեզմանի մոտ կլինի հավաք և վստահաբար նույն օրը կլինի հիշատակը հարգելու այլ միջոցառում։ Այս պահին մանրամասները ճշտվում են»,-նշեց Ենիգոմշյանը։

 

Հարցին՝ Հաց բերողի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ եղբոր և մոր հետ կապը պահվո՞ւմ է, քանի որ մահից հետո նրանք ՀԽ-ի հետ կոնֆլիկտ ունեցան, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց․ «Ես ասեմ, որ այս ամբողջ ամիսների ընթացքում տիկին Դոնարայի և եղբոր՝ Արսենի հետ շփումներ չեմ ունեցել, իմ իմանալով իմ շրջապատի մարդիկ չեն ունեցել, այս պահի դրությամբ ոչ մի կապ չկա։ Արթուրն իր ընտանիքի հարազատն է, դա ոչ ոք չի կարող հերքել, բայց նաև Արթուրը Սարգսյանը Արթուր Սարգսյան է դարձել իր հանրային, քաղաքացիական, խորապես գիտակցված քայլով և դրանով ինքը պատկանում է ամբողջ ազգին»։

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին, ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Աննա Պապիկյան

Hraparak.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ