Քաղաքական - 2 անչափահաս աղջկա միայնակ մայրը բարձրագույն իրավաբանական կրթությամբ չի կարողանում աշխատանք գտնել

Բարձրագույն իրավաբանական կրթությամբ, 2 անչափահաս երեխաների 33-ամյա մայրը` Ազնիվ  Ղարագյոզյանը,  ամուսնու մահից հետո 3 տարի է՝ վարձով է բնակվում Նուբարաշենի վարչական շրջանում: NEWS.am-ի հետ զրույցում Ազնիվը պատմեց, որ 52000 դրամ թոշակով չի կարողանում բնակարանի վարձը վճարել, ինչպես նաև երեխաների հոգսերը հոգալ:

 

«Փոքր աղջիկս, որը 11 տարեկան է, բավական լուրջ խնդիրներ ունի, նաև հաշմանդամության կարգ ունի: Չեմ կարողանում երեխայիս նորմալ բուժման տանեմ, քանի որ բավական թանկ արժե բուժումը: Ես ինքս էլ առողջական խնդիրներ ունեմ, արգանդում կիստա էին ախտորոշել, հետո ասեցին, որ հնարավոր է քաղցկեղ լինի և «Dialab» ախտորոշման կենտրոն ուղարկեցին, բայց չգնացի, քանի որ երեխայիս առողջությունն է ինձ համար կարևոր այս պահին»,-ասաց 33-ամյա կինը:

 

Ազնիվը պատմեց, որ ամուսինը 3 տարի առաջ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, սակայն 1 ամիս անց դժբախտ պատահարից մահացել է: Դեպքից հետո Ազնիվը երկու դուստրերի հետ մենակ է մնացել:

 

33-ամյա կինը մի քանի տարի առաջ ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական բաժինը, որպեսզի կարողանա նորմալ աշխատանք գտնել և երեխաներին պահել, սակայն ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում:

 

«Միայն խանութում կարողացա աշխատանք գտնել օրը 2000 դրամով, սակայն եթե աշխատեի, պետությունը 52000 դրամ նպաստն էր կտրելու: Ես կուզեի, որ նորմալ աշխատանք լիներ, որ կարողանայի հոգսերս հոգալ ու հիվանդ երեխայիս բուժել»,-ասում է Ազնիվը:

 

Ազնիվը պատմեց, որ հիմա ինքն ամեն ինչի կարիք ունի, բայց ամենաշատը աշխատանքի, որ ինքնուրույն կարողանա հոգալ սեփական հոգսերը. «Տանը ոչ մի նոր բան չունենք, նույնիսկ մահճակալ չունեինք, մի որոշ ժամանակ առաջ են նվիրել: Սննդի, հագուստի, ամեն ինչի կարիք ունենք հիմա, բայց ավելի շատ աշխատանքի»:

 

Նշենք, որ Ազնիվ Ղարագյոզյանը տարբեր կազմակերպությունների է դիմել աշխատանքի համար, նույնիսկ պետական մարմիններ է դիմել, սակայն  կամ թափուր տեղ չկա, կամ տարիքային սահմանափակում է, կամ էլ խոստանում են, որ կզանգահարեն, բայց չեն զանգահարում:

 

Ազնիվ Ղարագյոզյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 098 484144:

 

News.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ