Մշակույթ - Ապրիլի 1-ին՝ Զատիկ, 2-ին՝ մեռելոց, 7-ը՝ աշխատանքային օր. կառավարությունը փոխել է մոտեցումը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաեւ Զատիկ, այս տարի նշվելու է ապրիլի 1-ին:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Qahana.am-ի փոխանցմամբ, այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագթաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է Զատկի տոնին հաջորդող օրը՝ 2018 թվականի ապրիլի 2-ը, ոչ աշխատանքային հայտարարելուն եւ փոխարենը ապրիլի 7-ը (շաբաթ) աշխատանքային դարձնելուն: Պարզաբանվում է, որ նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Այսպիսով, կառավարությունը աստիճանաբար հրաժարվում է տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային՝ ազատ օր հայտարարելուց, բայց մեռելոցներից չի հրաժարվում ընդհանրապես՝ ընդամենը տեղափոխելով ոչ աշխատանքայինն ու աշխատանքային օրերը:

armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ