Քաղաքական - Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ (ուղիղ, Ֆոտո)

Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպված քվեարկության արդյունքում ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը:

 

Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 101-ը. ընտրության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն, ևս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Նշենք, որ նախապես ԱԺ 4 խմբակցություններից 3-ը՝ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան», հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանին: «Ելք» խմբակցությունը, որն ունի 9 պատգամավոր, հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու: Հատկանշական է, որ քվեարկությանը մասնակցել են «Ելք» խմբակցության 7 պատգամավորներ, մինչդեռ Արմեն Սարգսյանին դեմ քվեարկողների թիվը 10 է:

 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրությունը: «Ծառուկյան» խմբակցությունը ցանկություն չէր հայտնել թեկնածու առաջադրել, իսկ «Ելք»-ը չուներ բավարար թվով պատգամավորներ՝ թեկնածու առաջադրելու համար:

 

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից: Քանի որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, հետևաբար երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորություններն էապես կրճատել են:

 

Նշենք, որ թեև Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում, սակայն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին:

 

 


 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեսակետ լրատվականը հայտնել էր, որ ԱԻՄ-ը բոյկոտելու է ընտրությունները:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ