Տնտեսություն - ԱՄՆ ֆինանսների նախարարն ընդգծել է ՀՀ-ի հետ կրկնակի հարկումը կանխելու կարևորությունը

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Լոս Անջելեսում կայացած Միջազգային հարցերով խորհրդի միջոցառման ժամանակ կառուցողական է խոսել Կրկնակի հարկման մասին հայ-ամերիկյան նոր համաձայնագրի առնչությամբ փոխադարձ օգուտների մասին Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի հնչեցրած հարցի շուրջ: Այդ մասին հայտնում է armenianweekly.com–ը:

 

Ի պատասխան Համբարյանի հարցին՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ նման համաձայնագրերի նպատակն է այնպես անել, որ «առևտրի և ներդրումների համար ոչ մի կրկնակի հարկում չլինի»:

 

«Մենք ուզում ենք վստահ լինել, որ այլ երկրները մեր ընկերություններին արդարացի են հարկում, երբ նրանք այդ երկրներում բիզնես են անում, և հակառակը»,- հավելել է նա:

 

«Ես ուրախ եմ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ես հնարավորություն ենք ունեցել կիսելու Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագրի առավելությունները նախարար Մնուչինի հետ:

 

Պարզ է, որ նախարարը հասկանում է հարկման առնչությամբ ընկերություններին արդարացիորեն վերաբերելու առավելությունները»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը:

 

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է ընթացիկ տարվա մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարությունն իր աշխատակազմից ռեսուրսներ կտրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման համար:

 

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ