Քաղաքական - Ինչպես պայքարել ադրբեջանական մոլուցքի դեմ՝ սեփականաշնորհել մերը, հայկականը. Էքսքլյուզիվ հարցազրույց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

Դեռ 2017 թվականին լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին նախաձեռնոությանը Հայկական գորգի ազգային կենտրոնի՝ ստեղծել Հայկական գորգի թանգարան, որը կտեղակայվի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքում:

 

Եվ զարմանալին ու հատկանշականն այն է, որ մինչև հիմա որպես այդպիսին հայկական գորգի թանգարան դեռևս չկա, այնինչ ամեն օր ականատեսն ենք դառնում, ինչպես ազերիները նույնիսկ հայկական գորգերն են որպես իրենց մշակույթի տարր ներկայացնում և անգամ քրիստոնեական խաչը պատկերող գորգերն են այդպես ներկայացվում՝ իբրև ադրբեջանական:

 

Tesaket.info լրատվականը զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ՝ պարզելու, թե դարավոր հայկական մշակույթի ամենաարտահայտիչ տարրի, հայկական գորգի թանգարան որպես այդպիսին ինչու դեռևս չկա և առհասարակ ինչպես պահպանել մերը, և թույլ չտալ սեփականաշնորհել մեր մշակույթը թշնամուն:

 

- Տիկի՛ն Խառատյան, ինչ կասեք այս հարցերի շուրջ, արդյոք հնարավոր է որևէ բան անել, որպեսզի կարողանանք դիմակայել նման համատարած սեփականաշնորհմանը, և առհասարակ, ինչու որպես այդպիսին գորգերի թանգարան չկա Երևանում, կան թանգարաններ, որ ունեն նման բաժին, բայց ոչ ավելին:

- Նախ, վստահ չեմ, որ կարող եմ մեկնաբանել, թե ինչու գորգերի թանգարան չունենք, քանի որ մենք բազմաթիվ բաների թանգարան չունենք:  Օրինակ ինձ համար մեծ հարց է, թե ինչու տեղեկություն և թանգարան չունենք ԽՍՀՄ շրջանի պատմության կամ ինչպես է ներկայացված առհասարակ ԽՍՀՄ շրջանը Հայաստանի պատմության թանգարանում: Կարող եմ ասել, որ այս անհրաժեշտությունը չեմ վիճարկում: Աելին, կարող եմ վստահաբար ասել նաև, որ նման թանգարան չունենալը հաստատ միտված քաղաքական որոշում չէ, այլ պարզապես միջոցների պակաս է, անտարբերություն և այլն: Փոխարենը ունենք Սարդարապատի թանգարանում գորգերի հարուստ ֆոնդ, հնարավոր է, որ ցուցադրությունը պակաս հարուստ է, նաև տեղեկություն կա, որ պահպանության խնդիրներ կան, գորգերը փչանում են, գորգերի կորստի տեղեկություններ էլ կան, որոնք ոչ ռեալ հերքված են, ոչ էլ հաստատված: Բայց փաստ է, որ այսօր գորգարվեստի պահպանության, ցուցադրության, դրա գովազդի կամ ներկայացման կամ աշխարհին այլ կերպ, ծավալուն ներկայացման խնդիրը ունենք: Այլ հարց է, դա պետք է լինի թանգարանի տեսքո՞վ, թե դասախոսության, թե այլ կերպ:

 

- Իսկ այդ խնդրի լուծում տեսնո՞ւմ եք մոտ ապագայում:

- Կարծում եմ, որ երբևէ կգա նաև դրա ժամանակը: Գորգը այսօր նաև քաղաքական հարաբերությունների քարոզչության, այդ հարաբերություններում օգտագործվող միջոց է: Ցավոք սրտի, պատշաճ ուշադրություն չի դարձվում գորգի պատմականության և մշակութային ռեալ պատկանելիության խնդրին, ինչպես և շատ այլ բազմաթիվ մշակութային արժեքների հարցում: Ես կարծում եմ, որ միջազգայնորեն իրավականորեն էլ չի կարգավորված այս հարցը հստակ: Օրինակ Շամախու գորգերը, որը այսօր ադրբեջանական տարածք է, իսկ մինչ այդ 17-18-19-րդ դարերում ընդհանուր առմամբ ադմինիստրատիվ պարսկա-ռուսական, բայց մահմեդական տարածք էր, Շամախում հայտնի հայկական գորգագործություն կար, իսկ այսօր Շամախու գորգերը ներկայացվում են որպես ադրբեջանական գորգեր: Խնդիրը մնում է գիտական հարթությունում:

 

Այսօր շատ լուրջ խնդիր ունենք ադրբեջանցիների գիտական քննարկումների առումով: Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում գիտությունը հասցվել է այնպիսի ցածր մակարդակի, որ ուղղակի անիմաստ է դառնում որևէ քննարկում անել: Երբ մի երկիր ամենաբարձր եֆրեյտորական մակարդակով, ամենաբարձր միջազգային ատյաններից հայտարարում է, որ մ.թ.ա 3-րդ հազարամյակից այստեղ թուրքեր են ապրել, նույն աղվաներենը թուրքերենն է, իսկ աղվանից ցեղերը ադրբեջանական ազգի նախնիները, անիմաստ է դառնում ամեն բան: Մեզ մնում է անել այն, ինչ արել ենք, հետազոտել մերը, ոչ միայն մերը, այլև աշխարհինը, բայց այդ հետազոտությունները դարձնել առավելագույնս մատչելի միջազգային հանրությանը:

 

- Իսկ արդյո՞ք նույն նախշազարդումների հարցում, մի փոքր տարօրինակ չէ, որ մահմեդական ցեղերը կարող էին իրենց գորգերի վրա նախշազարդել նույն քրիստոնեական խաչը: Չէ՞ որ նրանք այսօր այդ նախշազարդերով գորգերն էլ են իրենցը համարում:

- Եթե լրջորեն խոսելու լինենք, ապա ամբողջ ԽՍՀ ժամանակաշրջանում ադրբեջանական պատմագրության 3 հիմնական ուղղություններից մեկը եղել է ադրբեջանցիների աղվանական ծագման տեսությունը: Աղվանները եղել են քրիստոնյա: Ավելին, աղվաններից մինչև այսօր քրիստոնյա, նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդներ կան, ուդիները:

 

- Այսինքն, նրանք այդ կերպ են բացատրում նման նախշազարդի առկայությունը՞:

- Կարող են և այդպես բացատրել, ես չեմ պնդում: Ընդ որում, խաչը կարող է դիտվել պարզապես զարդ, ոչ թե կրոնական սիմվոլ: Մեկ անգամ էլ կրկնեմ, որ եթե խոսեն աղվանական ծագման կամ մ.թ.ա 3-րդ հազարամյակում իրենց գոյության մասին, ապա կարող են խաչը ներկայացնել որպես իսլամական սիմվոլ: Սա ուղղակի անլրջություն է:

 

- Այո, բայց չէ՞ որ այդ անլրջությունը մնում է ապագա սերունդների գիտակցության մեջ՝ խեղաթյուրված պատմական իրողության տեսքով:

- Այո՛, անլրջությունը երբեմն նստում է մարդկանց գիտակցության մեջ: Մենք էլ դպրոցում անցնում ենք բաներ, որոնք այնպես չեն, ինչպես իրականում եղել են: Հայկական պատմության կեղծումներն էլ շատ են: Օրինակ հայ պատմագրության պարզ կեղծիք է այն, որ Նոր Նախիջևանի ձևավորումը ՌԴ տարածքում դիտվում է որպես հայոց համար մեծ նվիրատվություն, իբրև Եկատերինա թագուհին հայոց ազգի հանդեպ մեծ սիրով լցված կառուցեց անապատում այդ քաղաքը: Իրականում դա Ղրիմի հայկական համայնքի կործանումն էր, Ղրիմի ամբողջական հայկական մշակույթի կործանումն էր, ահռելի թվով մարդկանց ծանրագույն պայմաններում անապատ տեղափոխելն էր, մեծ կորուստներով, դարափոխիկ հիվանդություններով, մի կերպ այդ մարդկանց ոտքի կանգնեցնելը, բայց մեր գիրքը, մեր պատմագրությունը լրիվ այլ բան է ներկայացնում: Նման կեղծիքները մեզանում էլ շատ են:

 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ