Մշակույթ - «Ազնվությունը միշտ հաղթում է». «Եվրատեսիլ» կգնա Սեւակ Խանաղյանը (Տեսանյութ)

Առաջին անգամ եվրատեսիլյան բեմում կհնչի հայերեն երգ: Քիչ առաջ հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլի» հաղթողը, այս դեպքում` բացարձակ հաղթողը ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆՆ էր: Եվ 9 եվրոպական երկրից կազմված միջազգային ժյուրին, և հեռուստադիտողներն իրենց ամենաբարձր 12 միավորը տվեցին հենց նրան: Ըստ էության, սրանով նրանք փաստեցին, որ ինչպես Ս. Խանաղյանն ասաց. «Ազնվությունը միշտ հաղթում է»: 

 

Հիշեցնենք, որ Ս. Խանաղյանը Լիսաբոնում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին կներկայանա իր հայերեն «Քամի» երգով: Ի դեպ, բավական ուշագրավ էր, թե ինչպես բաշխվեցին մյուս մասնակիցներին տրված միավորները: 

 

Մհեր Արմենիան, ում անունն անընդհատ շրջանառվում էր, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում», միջազգային ժյուրիի կողմից ստացավ ընդամենը 1 միավոր: Իսկ Կամիլ շոուին ժյուրին տվեց 2 գնահատականը, թեպետ եզրափակիչ փուլին եկել էր ճամպրուկներով, որ միանգամից Պորտուգալիա մեկնի: 3 միավոր ստացավ իր պարային համարով Գևորգ Հարությունյանը, լուսանկարիչ Ռոբերտ Քլոյանի կատարումն էլ արժանացավ 4 միավորի: Մարիամը դարձավ բաժանարարը գերազանցիկների ու հարվածայինների՝ ստանալով ընդամենը 5 միավոր, Հասմիկ Շիրոյանը, որը խոստանում էր «Եվրատեսիլը» բերել Հայաստան, ստացավ 6 միավոր: Լուսինե Մարդանյանը, ինչպես կիսաեզրափակիչ փուլում, այնպես էլ այս անգամ ակամայից հայտնվեց լավագույնների շարքում՝ արժանանալով 7 միավորի: Lավագույն եռյակում էին բացի Սևակ Խանաղյանից նաև Ամալյա Մարգարյանը՝ 8 միավորով, և «Նեմրա» խումբը՝ 10 միավորով:

 

Հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքներն էլ բաշխվեցին հետևյալ կերպ՝ 1 միավոր ստացավ Լուսինե Մարդանյանը, 2 միավոր՝ Ռոբերտ Քլոյանը, 3 միավոր՝ Հասմիկ Շիրոյանը, 4 միավոր՝ Մարիամը, 5 միավոր՝ Գեւորգ Հարությունյանը, 6 միավոր՝ Մհեր Արմենիան, 7 միավոր՝ Ամալյա Մարգարյանը, 8 միավոր՝ «Նեմրա» խումբը, 10 միավոր՝ Կամիլ շոուն, դե իսկ 12 միավորը Սևակ Խանաղյանինն էր:

 

Փաստորեն, այս քվեարկությամբ հեռուստադիտողները կարողացան փարատել բոլոր մտահոգությունները՝ լուսանցքում թողնելով ամենաշատ քննարկված Կամիլի անհասկանալի կերպարը:

 

Ավելին՝ նա ոչ միայն չընդունվեց հանրության կողմից, այլև «Նեմրա» խմբի, որոնք իրենց վերաբերմունքը արտահայտեցին հենց հեռուստաեթերից, երբ Կամիլն իրենց ֆոնին «մայմունությամբ» էր զբաղված: 

 

«Էս Կամիլը ուզում ա մտնի մեր խումբ, բայց թողող չկա», - անկեղծորեն կատակեց «Նեմրա» խմբի ոկալիստը: 

 

Նշենք նաև, որ եվրատեսիլյան թոհուբոհն այսքանով չի ավարտվում, քանի որ այսուհետ մանկական «Եվրատեսիլի» մասնակիցը ևս ընտրվելու է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթով, որին կարող են մասնակցել 9-14 տարեկան երեխաները՝ իրենց մասնակցության հայտերը ներկայացնելով սկսած մարտի 15-ից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

www.iravunk.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ