«TESAKET»-ի հյուրասրահ - Հայությունը հարատևելու խնդիր ունի. Մարիամ Ավագյան

Արցախյան շարժման սկզբնավորումից ու Սումգայիթյան ջարդերից անցել է 30 տարի

 

2018-ը հայերիս համար նշանավոր է մի քանի առումներով՝ Մայիսյան հերոսամարտերի ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակ և Արցախյան շարժման ու Սումգայիթյան ցեղասպանության 30-ամյակ: Արդեն ութ տարի է, ինչ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը զբաղվում է Սումգայիթյան ցեղասպանության հետևանքների վերացման, խնդիրն ամենատարբեր հարթակներում բարձրաձայնելու և փախստականների բազմաթիվ պրոբլեմներին լուծում փնտրելու դժվարին հարցերով: Ահա դրանց շուրջ էլ զրուցել ենք Համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ:

 

-Տիկի՛ն Ավագյան, ութամյա գործունեության ընթացքում ո՞րն է եղել Համագումարի ամենամեծ ձեռքբերումը՝ կապված փախստականների խնդիրների լուծման հետ:

-Նախ նշեմ, որ հայաստանյան իրականության մեջ փախստական եզրույթն աղավաղված է ներկայացված հանրությանը, և դա պատահականություն չէ: Ղարաբաղյան հակամարտությունը կեղծելով՝ կեղծել էին նաև փախստական եզրույթը՝ տալով դրան ընդամենը սոցիալ-տնտեսական պահանջների ինչ-որ բաժին:Կյանքը ցույց տվեց, որ սոցիալ-տնտեսական հարցերն այդպես էլ չլուծվեցին, մնացին օդում կախված: Մենք տարբեր հարցեր ենք բարձրացրել իշխանությունների առաջ, բազմիցս դիմել ենք բնակարանային խնդիրներով, սակայն այս իշխանությունները երևի աղետ են մեր երկրի համար, իրենց սրտերում և մտքերում այդպես էլ տեղ չգտան այդ հարցերը: Ես մի կարևոր պահ եմ ցանկանում առանձնացնել:Մեր գործունեության ողջ ընթացքում մենք փորձել ենք թե՛ մեր հասարակությանը, թե՛ մեր երկու հանրապետությունների իշխանություններին, քաղաքական վերնախավին, նաև միջազգային կառույցներին, ՄԽ համանախագահներին, ՄԽ անդամ երկրների դեսպանատներին, ընդհանրապես՝ եվրոպական երկրների դեսպանատներին,նաև Իրանին, Չինաստանին ներկայացնել այն կեղծիքը, որը փաթաթվել է թե՛ հայ փախստականի վզին, թե՛ հայության վզին առհասարակ,թե՛ հայկական երկու պետությունների վզին: Ողջ կեղծիքն այսօր ներկայացվում է Մադրիդյան սկզբունքներում, Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացնում, երբ ամեն քայլի շրջանցվում է հայ փախստականի գոյությունը: Օրեր առաջ ՄԽ համանախագահներն այցելեցին Բաքու, բազմաթիվ հանդիպումներ ունեցան տեղի փախստականական համայնքների հետ: Եկան Հայաստան, բայց մեզ կամ փախստականական համայնքի հետ որևէ հանդիպում չունեցան և չեն էլ ունենա:

 

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը պայմանավորված է հենց մեր իշխանությունների պահվածքով, նրանց անգործ, ալարկոտ, անհեռատես, նույնիսկ դավադիր կեցվածքով: Այստեղ մեղքը ոչ թե խավիարասեր եվրոպական հանրության օղակներին մեջ է, այլ առաջին հերթին հենց մե՛ր մեջ:

 

-Որտե՞ղ ենք մենք թերանում, ի՞նչ է նշանակում կեղծված կոնֆլիկտ, որը փաթաթվել է մեր վզին:

-Այս տարի լրանում է Սումգայիթյան ողբերգության 30-ամյա տարելիցը: Այո՛, դա ողբերգություն է, այո՛, դա ջարդեր էին, այո՛, դա ցեղասպանություն է: Մենք ունեցել ենք ՀԽՍՀ, որը 1990 թ. փետրվարի 13-ին իր Գերագույն խորհրդով որոշում ընդունեց այն մասին, որ այն, ինչ կատարվել էր 1988-90 թթ.  Ադրբեջանական ԽՍՀ-ում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ, ցեղասպանության շարունակություն է, և դիմեց Մոսկվային՝ նույնը ճանաչելու հարցով: Այս տարի, երբ 30-ամյակն է լրանում, մի փոքր արձագանք մենք տեսնում ենք միայն Արցախի ԱԺ-ի Արտաքին հարաբերություններիմակարդակով: Մենք տեսնում ենք նաև, որ երրորդ հանրապետությունը, որն իրեն հայտարարել է երկրորդ հանրապետության շարունակողը, նույնիսկ այս հարցում հետևողական չէ: Եթե մենք ասում ենք, որ եղել է ցեղասպանություն, դրան հետևում են մի շարք տրամաբանական քայլեր: Եթե եղել է ցեղասպանություն, ուրեմն՝ կան փախստականներ, եթե նրանք կան, ապա որտե՞ղ են, ինչու՞ են ցրված աշխարհով մեկ, ինչու՞ նրանք չեն բնակվում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի մի տարածքում, որը կոչվում է ազատագրված, կամ ինչու՞ են այդ տարածքները հանկարծ համարվում օկուպացված: Իսկ «օկուպացված են», որովհետև հայ փախստականների գոյության մասին ոչ ոք չի խոսում: Առաջին հերթին չեն խոսում հայկական երկու պետությունները, նրանց իշխանությունները, դավադրաբար չեն խոսում կուսակցությունները՝ ընդդիմադիր, թե իշխանամետ, չի խոսում հայ քաղաքական-վերլուծական շերտը:

 

-Ինչի՞է հանգեցնում կամ հանգեցրել լռությունը:

-Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների շրջանցման փաստը հանգեցրել է հայերի, հայկականության գոյության հարցն այս տարածաշրջանում վտանգելուն: Վերջերս Ալիևը հայտարարեց, որ Երևանն է ուզում, Զանգեզուրն է ուզում, իսկ մեր կարճատես քաղաքական վերնախավը, կներեք, ժարգոնով բառ եմ օգտագործելու՝ լոպազավարի սկսեց ծաղրել Ալիևին, իբրև թե մի կիսահիմար ինչ-որ բաներ է ասել: Սա անհեռատեսություն է: Մենք բացարձակ պասիվ ենք, անգործ ենք, մեր իշխանությունները ոչինչ չեն անում: Անհրաժեշտ է միջազգային քննարկումների ձևաչափում անպայման ներառել ցեղասպանության պատճառով Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած660 հազար հայերի իրավունքների հարցը: 1987 թ.՝ Չարդախլու-1992 թ.՝ Արցախյան պատերազմ. սա ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային որևէ կետում չկա: Չի խոսվում այն մասին, որ կոնֆլիկտը եղել է այդ տարածքներում հաստատված ռեժիմի և այդտեղ ապրող ազգությամբ հայ բնակիչների միջև: Կոնֆլիկտը եղել է ներադրբեջանական, վերածվել է ցեղասպանության: Ցեղասպանության դիմակայության արդյունքում ծագել է պատերազմ, որից հետո կա այն, ինչ ունենք: Ինչպե՞ս կարող է ցեղասպանությանը դիմակայելուց հետո ազատագրված հողը համարվել օկուպացված: Փախստականների հարցի շրջանցումը հանգեցնում է շատ ծանր հետևանքների: Առաջինը մեր երկրի գլխին կախված հերթական ցեղասպանության վտագն է, և երկրորդը՝ մեզ ներգրավում են նյութական փոխհատուցման գործընթացում, որը կարող է ահռելի վնասներ հասցնել մեր երկրին:Օր առաջ պետք է պահանջել, որ Չիրագովների կրած նյութական վնասների փոխհատուցումը դրվի հենց ցեղասպան Ադրբեջանի վրա, քանի որ վերջինն է տարածաշրջանը ներքաշել ու մինչ օրս պահում է պատերազմական վիճակում: Սա է հարցը, որի մասին չի խոսվում:

 

-Փաստորեն, ողջ խնդիրը մեր իշխանությունների անգործությու՞նն է:

-Ես կարծում եմ՝ այո: Հայությունն ունի վերապրելու և հարատևելու խնդիր…

 

ԱՄԱԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ