Տարածաշրջան - Էրդողանը «դահիճ» է անվանել Ասադին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին «դահիճ» է անվանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը: Էրդողանը մեղադրել է Ասադին իր իսկ ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու համար:

«Ասադը դահիճ է: Իր իսկ 1 միլիոն քաղաքացուն սպանողը նա չէ՞: Իր իսկ ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառողը, ամեն տեսակի զենքով իր ժողովրդին սպանողը նա չէ՞: Մենք երբեք չենք աջակցել այդ անիրավներին, երբեք նրանց հետ միասին չենք եղել», - ասել է Էրդողանը:

Ամիսներ առաջ Էրդողանը պատմել էր իր ու Ասադի հարաբերությունների և տարիներ առաջ ունեցած շփումների մասին:

«Մենք 15 տարի առաջ շփվում էինք: Ինքս նրան շատ խորհուրդներ եմ տվել: Ասացի, որ պետք է քայլեր ձեռնարկի ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Հյուսիսում ապրող քրդերին անձնագիր չէր տալիս, ասում էի՝ «Ախր նրանք քո քաղաքացին են, ինչո՞ւ չես տալիս», - ասել էր Էրդողանը:

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն «ահաբեկիչ» էր անվանել Ասադին, ինչին ի պատասխան Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «նման հայտարարություններով Թուրքիայի նախագահը փորձում է ապակողմնորոշել Թուրքիայի ժողովրդին և կոծկել Սիրիայի ժողովրդի դեմ իր գործած հանցանքները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ